Այսօր խորհրդարանում գեներալ-պատգամավորներ Սեյրան Սարոյանի,Մանվել Գրիգորյանի եւ Սամվել Ֆարմանյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցի քննարկումների ժամանակ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը փորձում էր հասկանալ եւ հորդորել, որ առաջարկվող փոփոխությունների գործողության պարագայում հավասարության եւ արդարության սկզբունքը գործի:
Գեներալ-պատգամավորներն անընդհատ միջամտում էին Արամ Մանուկյանի խոսքին`ներկայացնելով իրենց վերապահումները: Քանի որ վերջիններս ինքնակամ էին միջամտում եւ խոսում էին առանց բարձրախոսի, լրագրողների համար այդպես էլ անհասկանալի մնացին նրանց վերապահումները:
ԱԺ նախագահ, նիստը նախագահող Հովիկ Աբրահամյանն էլ բորբոքվեց`դիմելով Սեյրան Սարոյանին. «Պարոն Սարոյան, ես օրինակ չեմ հասկանում իմ նկատմամբ ձեր անհարգալից վերաբերմունքը: Թողեք, թող պատգամավորն իր կարծիքը հայտնի»: Սարոյանն ականաջալուր չեղավ Հովիկ Աբրահամյանին: Վերջինս արդեն բարկացած շպրտեց. «Միթոմ օգուտ ե՞ք տալիս, թողեք աշխատենք»:
Արամ Մանուկյանն էլ իր հերթին բարկացավ`ասելով, որ ներկայացված նախաձեռնություններում քաղաքական ենթատեքստ էլ կա, ինչի մասին իրենք ահազանգել են: Խոսքն այն մասին է, որ առաջարկով սահմանվում է կամավորականության սկզբունքը եւ կարգավիճակ է տրվում արցախյան ազատամարտի մասնակիցներին:
Կարդացեք նաև
Սարոյան-Մանուկյան վեճը դահլիճում դեռ շարունակվեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ