Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ, դոցենտ, իրանագետ Գոհար Իսկանդարյանը խոսեց Հայաստան-Իրան եւ Ադրբեջան-Իրան հարաբերությունների մասին: Ըստ նրա, Հայաստանի հետ կապերը, եթե չբարելավվեն, ապա չեն վատթարանա:
Ինչպես բանախոսը հայտնեց` Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ադրբեջանի գոյությունն արդեն իսկ սպառնալիք է Իրանի ազգային անվտանգությանը: «Չնայած դրան միանշանակ ասել, որ Իրանը Ադրբեջանի նկատմամբ գնալու է կոշտ քաղաքականության, սխալ կլինի, որովհետև երկրում ապրում են բազմաթիվ թրքախոս իրանցիներ, ովքեր չեն հանդուրժի դա»,- ասաց իրանագետը:
Գոհար Իսկանդարյանը խոսեց նաեւ Մեղրու ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներից, որն իրականացվում է իրանական ֆինանսավորման միջոցով: Այժմ ժամանակավոր դադարեցվել են աշխատանքները, քանի որ կան ֆինանսական խնդիրներ: Ըստ նրա, մեկ տարի հետո այդ բոլոր հարցերը կկարգավորվեն: Ինչպես նաեւ հայտնեց, որ լուրջ քննարկումներ են ընթանում նաև այլ երկու ծրագրի շուրջ` երկաթգծի և նավթահումքի խողովակաշարի կառուցման:
Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ