Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաչիկ Գեւորգյան. «Ինձ «դզել» են այդ վեց տարիները»

Հունիս 18,2013 15:48

ARMACAD1«Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա» հ/կ-ի (ARMACAD) նախագահ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Խաչիկ Գեւորգյանը Ֆեյսբուքի իր էջում  գրել է. «Հունիսի 21-ին լրանում է ԱՐՄԱԿԱԴ-ի գործունեության 6 տարին: Այդ 6 տարին իմ կյանքի 1/5-րդն է: Այդ 6 տարին բազմահազար հայերի գիտակրթական հաջողությունների շրջանն է: Ու ամենայն ազնվությամբ եմ ասում, որ ինձ, որպես ԱՐՄԱԿԱԴ-ի հիմնադիր, մոդերատոր, ասիստենտ, ադմինիստրատոր, դզել են այդ վեց տարիները…»:

Aravot.am-ը Խաչիկ Գեւորգյանից հետաքրքրվեց՝արդարացե՞լ են, արդյոք, ARMACAD-ի հետ կապված սպասելիքները, գո՞հ է գրանցված արդյունքներից եւ ինչպես ծնվեց նման ցանց ստեղծելու գաղափարը: Մեր զրուցակիցը պատմեց, որ երբ 2006 թվականին Գերմանիայում վերապատրաստվում էր DAAD կրթաթոշակով, հենց նույն համալսարանում ամեն քայլափոխի հայերի էր հանդիպում, տեսնում մարդկանց, որ սովորել ու աշխատում էին նույն քաղաքում ու պատկերացում չունեին, որ տվյալ վայրում, իրենցից բացի, էլի հայեր կան:

2007-ի մարտին Հայաստան վերադառնալով, Խաչիկ Գեւորգյանը մտածում է, որ անհրաժեշտ է ստեղծել մի կազմակերպություն, որի միջոցով հնարավոր կլինի տեղեկանալ, թե Հայաստանից, Սփյուռքից՝ ով որտեղ է սովորում, հնարավորության դեպքում կապեր հաստատել, հարցեր ուղղել: Մի խոսքով՝ «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի» ծնունդը հստակ ուրվագծվում էր, այն այլեւս ժամանակի պահանջն էր, ուստի եւ ստեղծվեց: «Հիմա, որ հետահայաց նայում եմ, համոզվում եմ, որ բոլոր այն նպատակներն ու պահանջները, որ «դրված» են եղել կազմակերպության կանոնադրության ու անվանման մեջ, ամբողջովին կատարվել են: Հայերը ԱՐՄԱԿԱԴ-ի միջոցով կարողացել են տարբեր համալսարաններ ճանաչել, միմյանցից տեղեկություններ եւ աջակցություն խնդրել»,-փաստում է ԱՐՄԱԿԱԴ-ի նախագահը:

Նա նաեւ մի դեպք պատմեց, որն իրեն նախանձախնդիր է դարձրել ԱՐՄԱԿԱԴ-ն անպայման հիմնել. «2007-ի մայիսին Հայաստանում մի միջոցառման էի մասնակցում, որին ներկա էին մարդիկ՝ ակադեմիական ոլորտից, համալսարանի դասախոսներ, պաշտոնատար անձինք եւ այլն, Coffee Break-ատիպ հանդիպում էր: Պատահաբար լսեցի երկու հոգու խոսակցություն: Մեկը մյուսի ականջին ասում էր. «Գիտե՞ս, մի շատ լավ հայտարարություն կա՝ ամառային դպրոցի մասնակցելու, որի ծախսերը կազմակերպիչներն են հոգում: Ինքս չեմ կարող գնալ, դրա համար այդ հայտարարությունը կուղարկեմ քեզ: Դու ոչ մեկին մի ասա, որպեսզի դու լինես Հայաստանից միակ դիմողը ու հաստատ անցնես»: Այդ ժամանակ հասկացա, որ Հայաստանում գործում է ակադեմիական, կրթական հայտարարությունների մենաշնորհ, ոմանք, գուցե հաճախ ոչ այնքան արժանավորները, ինչ-ինչ ճանապարհով ստանում են այդ հայտարարությունները կամ գտնում են համացանցում, կամ իրենք են դիմում, կա՛մ իրենց ծանոթները: Այդպիսով ավելի ամրապնդվեց համապատասխան համակարգ ստեղծելու գաղափարը, համակարգ, որտեղ յուրաքանչյուր մարդ ինֆորմացիա կկարողանա տարածել, եւ այդ ցանցում յուրաքանչյուրին էլ այն հասու կլինի: Այժմ ԱՐՄԱԿԱԴ-ում գրանցված է 8100 էլեկտրոնային փոստի հասցե, որոնց 85 տոկոսը Հայաստանից է: Այլեւս անհնար է, որ որեւէ համալսարանում ամառային դպրոց կազմակերպվի, կամ լինի կրթաթոշակ, եւ դա լինի 2-3 հոգու սեփականությունը, անմիջապես 8000 հոգին դրա մասին տեղեկանում է եւ էլփոստով, եւ Ֆեյսբուքի մեր էջի միջոցով, որտեղ 16000-ից ավելի մասնակից ունենք»:

Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, ԱՄԱԿԱԴ-ը չի սահմանափակվում միայն տեղեկատվություն տարածելով, այն համայնք է, որի յուրաքանչյուր հաջողակ անդամ փոխանցում է նաեւ արտերկրում սովորելիս կուտակած իր փորձառությունը եւ հաջողությունների բանալին: ԱՐՄԱԿԱԴ-ը նաեւ լավագույն գաղափարներն ու ձեռնարկները Հայաստանում ներդնելու քարոզչություն է անում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930