Սակայն այն, ինչ նա ապացուցված էր համարում ՀՀՇ-ական իշխանությունների համար, անապացուցելի է համարում Տիգրան Սարգսյանի համար
«Օֆշորային գոտիների հարցը համաշխարհային մեծ պրոբլեմ է: Երբ մեր նորանկախ պետությունը հասկացավ, թե ինչ հնարավորություններ է տալիս օֆշորային գոտին, միանգամից օգտվեց դրանից»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ԱԺԴ կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը եւ հիշեցրեց «Արմենտելի» նախահոր՝ TWT ընկերության պատմությունը, որը օֆշորային Ջերսի կղզում գրանցված մի ընկերություն էր. «Լեւոն Տեր-Պետրոսյանը այն ժամանակվա կապի նախարար Գրիգոր Պողպատյանի եւ դրսից եկած նախարար Սեպուհ Թաշչյանի հետ որոշեցին օգտվել օֆշորային գոտիների հնարավորություններից, հիմնեցին TWT կազմակերպությունը, եւ հիմա այս պատմության մասին բարձրաձայնողների զգալի մասն իրենք են»,- ասաց Արշակ Սադոյանը, եւ երբ լսեց հարցը, թե ո՞ւմ մասին է խոսքը, որպես «բարձրաձայնողների զգալի մասը», ով օգտվել է օֆշորային գոտու հնարավորություններից, տվեց Հրանտ Բագրատյանի անունը: Ըստ Սադոյանի, այդ գործարքներից մեր պետական միջոցներից 87 մլն դոլար գրպանվեց:
Այս առարկություն չընդունող պնդումներից հետո, երբ հերթը հասավ ներկայիս սկանդալին՝ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանի անվամբ օֆշորային գոտում բացված ընկերության հետ, պարոն Սադոյանը հանկարծ հիշեց, որ օֆշորային գոտիների հսկողության հարցը շատ բարդ է, եւ երբեք չես կարող ստուգել եւ հաստատ ասել, թե ո՞վ է իրականում գրանցված՝ Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Կճոյանը, թե որեւէ այլ մարդ:
Եվ հետագա քննարկման ողջ ընթացքում էլ պարոն Սադոյանը շարունակում էր Պողպատյանի եւ Թաշչյանի թեման եւ ամեն գնով փորձում պաշտպանել Տիգրան Սարգսյանին:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ