Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին. «Մաղձին պատասխանելն անիմաստ է»

Հունիս 18,2013 15:01

«Ես մի պահ գայթակղվեցի, և ուզում էի Նիկոլ Փաշինյանին պատասխանել, բայց հետո մտածեցի, որ մաղձին պատասխանելն անիմաստ է»,-խորհրդարանի արտահերթ նիստում այսպես սկսեց իր ելույթը ՀՀԿ խմբակցության անունից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը`ՎՊ-ի 2012 թվականի հաշվետվության շուրջ։

Նա հորդորեց պատգամավորին ԱԺ ամբիոնը չօգտագործել հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու եւ ամրապնդելու այն գիտակցումը, որ սա իբր համակարգված թալան է:

ԱԺ նախագահը դրական գնահատեց այդ փաստաթղթի շուրջ քննարկումները՝ նշելով, որ դրանք տեղավորվում են ժողովրդավարության շրջանակներում, քանի որ իշխանությունն է խոսում իր բացթողումների ու շահարկումների մասին։ «Միայն ուժեղ իշխանությունը կարող է այդկերպ վարվել։ Մեր նպատակը որևէ մեկի վրա անհիմն ցեխ շպրտելը չէ, այլ չարաշահումների բացառումն է»,- ասաց ԱԺ նախագահը։

Նա զարմացավ, թե ինչո՞ւ են «որոշ մարդիկ» զարմանում, որ ինքը զարմանում է: Աբրահամյանը նկատի ուներ ընդդիմադիրներին, որոնք պնդում էին, թե ՎՊ-ի բացահայտումները նախագահի սեղանին են եւ բոլորը համաձայնեցված են աշխատում այդ օղակներում. «ՀՀ նախագահը պայմանավորվածություն չունի որևէ նախարարի, մարզպետի հետ, որ պիտի պաշտոնի գան ու չարաշահումներով զբաղվեն։ Դրա համար ենք ասում, որ պիտի պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Հ․Աբրահամյանը։

Վերջինս նշեց, որ պետք է որևէ ձևաչափ մտածել, որ այս պատասխանատու ամբիոնից հնչեն հիմնավոր մեղադրանքներ։ Նա առաջարկեց ՎՊ հաշվետվությունը քննարկել համապատասխան հանձնաժողովներում գործադիրի համապատասխան կառույցների մասնակցությամբ, ինչպես նաև ՎՊ հաշվետվության քննարկումներին մասնակցեն ՎՊ-ն, կառավարությունը և գլխավոր դատախազությունը։

Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ չարաշահումներն արմատախիլ անելու բանալին ՎՊ-կառավարություն-դատախազություն-ԱԺ համագործակցությունն է ու իրենց հետևողականությունը։ Նա առաջարկեց կառավարությանը՝ շինարարական և գնումների ոլորտի նորմատիվները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար։ Նա առաջարկեց նաև ՎՊ-ին, կառավարությանը, ԱԺ հանձնաժողովներին՝ ԱԺ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը կնպաստի չարաշահումների բացառմանը։

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ եթե ԱԺ-ն հաստատի, այլ ոչ թե ի գիտություն ընդունի ՎՊ հաշվետվությունը, ապա ՎՊ-ն կդադարի անկախ կառույց լինելուց և ՎՊ-ն կվերածվի Աժ կցորդի։ «Մենք անկեղծ ենք մեր գնահատականների մեջ։ Մեզ համար անընդունելի է, որ ՎՊ-ն փաստեր ներկայացնի, իսկ ԱԺ-ն լռի։ Ես առաջարկում եմ այս փաստաթուղթն ուղարկել դատախազություն՝ վերջինիս առաջարկելով այդ գործընթացների մասին պարբերաբար տեղյակ պահել ԱԺ-ին և կառավարությանը։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր երկրում չարաշահումներ չլինեն։ Մենք պատասխանատու ենք մեր գործողությունների համար և շատ լավ գիտակցում ենք, դրա համար մեծամասնություն ենք»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    Մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր երկրում չարաշահումներ չլինեն։
    Եթե սրտանց ես ասում լքիր մեր երկիրը

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930