«Սևանա լիճն այսօր արդեն մեռնող չէ, վերակենդանանում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Aravot.am-ը «Էկոլուր» հ/կ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանից հետաքրքրվեց` համակարծի՞ք է արդյոք այս դիտարկմանը: Նա պատասխանեց. «Ինձ հետաքրքիր է` ինչ հիմնավորում կա այսպիսի հայտարարության համար: Ես կհարցնեմ, իսկ ջրի որակը լավացե՞լ է: Այսօր ձկնատեսակների ավելացման համար արհեստական կեր են լցնում Սևան, որի մեջ կա ազոտի և ֆոսֆորի պարունակություն: Մեկը գնահատե՞ց այդ պիլոտային ծրագիրն ինչպես ազդեց Սևանի էկոհամակարգի վրա: Հանձնաժողովը համակարգային մոտեցում ցուցաբերե՞ց: Մենք գյուղատնտեսական առումով ոչ մի լավ բան դեռ չենք տեսնում Սևանում: Գիտենք, որ կառուցվում են մաքրման կայաններ, բայց փաստացի չեն աշխատում: Լեռնաարդյունաբերությունն է Սևանի վրա բացասաբար ազդում: Իսկ եթե ջուրն ավելանում է, ապա դա նպաստում է, որ ինքնամաքրման պրոցեսը գնա: Միայն սա է, մնացած բաները չեն ուսումնասիրվել: Լուրջ հետազոտություններ չեն իրականացվել, գումարներ էլ չեն հատկացվել: Անհասկանալի բաների համար են փողեր հատկացվում: Օրինակ` մեզանում իշխանի արհեստական բազմացման համար գումարներ են ներդնում, այն դեպքում, երբ փոքր ՀԷԿ-երի աշխատանքը խանգարում է իշխանի` բնական վերարտադրմանը: ԱԺ-ում մեկ տարի դրված է առաջարկը, որ փոքր ՀԷկ-եր չի կարելի կառուցել Սևանի ջրային ավազանում, բայց մենք ունենք արդեն իսկ ապօրինի կառուցվողները»:
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն էլ ասաց. «Ասել, որ Սևանը վերականգնվում է, կարծում եմ հարցադրումն է սխալ եղել: Պետական քաղաքականությունը Սևանի նկատմամբ կոշտ ու չհիմնավորված է: Պետք չէ Սևանի խնդիրը քաղաքականացնել, այն մութ խնդիր է, սկսած թունելից: Եթե խոսում են Սևանի մասին, թող պարզեն, թե ինչպես եղավ, որ Ամուլ սարի ոսկու-բազմամետաղի հանքավայրին բնապահպանության նախարարությունը տվեց դրական եզրակացություն: Փաստորեն, այսօր ՀՀ իշխանությունները Սևանա լճի կործանման ծրագիր է իրականացնում: Տասնյակ տարիներ հետո Սևանը կդառնա մեռյալ լիճ: Հանձնաժողովն առաջինը այդ հարցով պիտի զբաղվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ