Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անմեղ հրեշտակների երգչախումբ»

Հունիս 18,2013 14:31

Այսպես է բնութագրում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հինգերորդ գումարման խորհրդարանականներին

– Թեեւ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունն արդեն մի քանի ամիս է՝ մամուլի հետաքրքրությունների եւ վերլուծությունների կենտրոնում է, ու դրա շուրջ կրքերը կարծես արդեն հանդարտվել էին, բայց վերջին օրերին այդ հաշվետվության առիթով նաեւ խորհրդարանում կրքերը բորբոքվեցին: Ուշագրավ էր, որ այն հատկապես ՀՀԿ-ականների նշանառության թիրախը դարձավ: Ինչո՞ւ կամ ինչո՞վ այդ հաշվետվությունը դուր չեկավ քաղաքական մեծամասնությանը:

– Վերահսկիչ պալատը տարիներ շարունակ շատ ավելի խիստ փաստաթղթեր է ներկայացրել, բայց դրանց մասին ոչ ոք չի խոսել: Հիշեցնեմ, որ առաջին անգամ Վերահսկիչ պալատի խայտառակ բացահայտումներին հղումներ եղան, երբ իշխանությունների հետ երկխոսության ժամանակ՝ 2011-ին, Հայ ազգային կոնգրեսը պատրաստեց հիմնավորված փաստաթուղթ, այդ թվում նաեւ բյուջեի մսխման հետ կապված ՎՊ-ի բացահայտումները: Ավելին, ՀԱԿ-ը, մեր խմբակցությունը շատ հաճախ օգտագործում է հենց ՎՊ-ի բացահայտումները, հիմնավորումները: Ինչքան էլ ուզում եք սա անհամեստ համարեք, բայց այս ուշադրությունը ՎՊ-ի հաշվետվության նկատմամբ սկսվեց այն պահից, երբ մենք մտանք պառլամենտ եւ սկսեցինք անխնա կերպով քննադատել այս երկրում տիրող թալանը, գողությունը, բյուջեի վատնումները՝ ինտենսիվ օգտագործելով ՎՊ-ի հաշվետվությունները: Այսինքն՝ մի բան, որն առաջ լռեցվում էր, հիմա լռեցնել չեն կարող, որովհետեւ մենք ամեն առիթով հիշեցնում ենք այս բացահայտումների մասին: Ու սկսվել է մի տարօրինակ վիճակ: Նախ՝ ինչքան էլ որ փորձում էին լռեցնել այդ ամենը, հասարակությանը հասավ, որ գնում է ուղղակի պետական բյուջեի թալան: 2009-ին ներկայացված հաշվետվության մեջ հստակ գրված է այն մասին, որ պատահական ընտրանքով ստուգել են բյուջեի ծախսերի չորս տոկոսը եւ հայտնաբերել են ութ միլիարդ դրամի գողություն ու վատնում: Դա նշանակում է, որ եթե մենք վերցնենք ամբողջ վիճակագրությունը, էքստրապոլյացիա անենք, կստացվի, որ մեկ տարվա ընթացքում՝ 2008 թվականին, ՎՊ-ի ստուգումներով ապացուցված, գողացվել է կես միլիարդ դոլար փող:

Ի դեպ, 2012 թվականի հաշվետվությունն այդ առումով շատ ավելի թույլ է. կան մալուխի, բիոզուգարանների փաստերը, որոնք աղաղակող իրողություններ են, քանի որ ապացուցվում է, որ տասն անգամ ավելի շատ փող են ծախսել, քան պետք էր: Բայց ինչքան էլ նման խայտառակ օրինակներ բերվեն, միշտ էլ կարելի է հակադարձել, որ դրանք ընդամենն էպիզոդներ են կամ առանձին վերցրած դեպքեր: 2009-ի հաշվետվության ուժեղ պահը հենց նրանում էր, որ ոչ թե մի քանի դեպքեր էին բերվել, այլ վիճակագրական ընտրանքով կատարվել էին ստուգումներ: Այն բանից հետո, երբ մենք դա հիշատակեցինք 2011-ի մեր հաշվետվության մեջ, դրան այլեւս չեն անդրադառնում: ՎՊ-ն, ցավոք, դադարեցրել է ընդհանրական գնահատականներ տալ, թե ինչքա՞ն է մսխվում բյուջեից: Բայց գոնե մի գնահատական բերեցին, որին բոլորն անդրադարձան: Այն է՝ բյուջեից մսխված 701 միլիարդ դրամը ՎՊ նախագահի կողմից գնահատվեց որպես խիստ կոռուպցիոն ռիսկի դաշտում եղած փող: Եթե դա թարգմանենք մարդկային լեզվով, նշանակում է, որ բյուջեի հիմնական մասն ուղղակի գողացվում, մսխվում, թալանվում է: Բոլորը դա հասկացել են: Հիմա ՀՀԿ-ն փորձում է սրա տակից դուրս գալ: Իրենց մոտ կարծես երկու տեսակետ կա, թե ո՞նց դա կարելի է անել: Մի թեւը որոշել է, որ ինքնարդարացման լավագույն միջոցն այն է, որ ընդդիմությունից էլ առաջ ընկնելով գոռան՝ բռնեք գողին, ինչպես անում են բոլոր գողերը: Հայտնի քայլ է: Մյուս մասն, այնուամենայնիվ, փորձում է մի քիչ գնալ հերքելու ճանապարհով եւ թուլացնել այս բացահայտումների էֆեկտը: Ակնհայտ է, որ այս երկու կարծիքների միջեւ պատերազմ է գնում: Բայց ես գոհ եմ: Երկու տակտիկան էլ մեզ ձեռնտու է. մի դեպքում փորձում են կոծկել ակնհայտ ճշմարտությունը, մյուս դեպքում, ինչքան էլ որ դա իրենք իրենց վրա վերցնեն, հարցը ստանում է հասարակական մեծ արձագանք:

– Իսկ ո՞վ է մեղավորը, մանավանդ՝ իր ելույթում Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց, որ ՀԱԿ խմբակցության հետ հաշվետվության քննարկման ժամանակ ՎՊ նախագահն ասել է, թե վերջին երկու տարիներին պալատի ուսումնասիրությունների արդյունքները ՀՀ դատախազություն այլեւս չի ուղարկում, որովհետեւ հիասթափված է այդ մարմնից: ՎՊ նախագահն ասաց, որ քրեական պատասխանատվության համար օրենքն իրենց մասով սահմանափակումներ է դնում: Պատգամավորներն առաջարկեցին, որ կառավարությունը օրենսդրական փոփոխություններ ներկայացնի, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն էլ ասաց, որ լավ կլիներ՝ դա պատգամավորներն անեին: Ուրեմն՝ հանուն ինչի՞ են այդ բացահայտումները:

– Ընդհանրապես ներկայիս խորհրդարանը նմանվել է անմեղ հրեշտակների մի երգչախմբի, որտեղ բոլորը խոսում են չաղ ու բախտավոր չինովնիկների մասին, թալանչիների մասին: Ամբողջությամբ որդեգրել են ընդդիմության, ՀԱԿ-ի բառապաշարը: Ինչպես պատգամավորներից մեկը շատ ճիշտ ասաց, այլեւս ոչ կոռեկտ չեն համարում նման արտահայտությունները, իրենք են արդեն նման արտահայտություններ օգտագործում: Բայց ոչ մի անուն չեն տալիս: Եվ ուզում են, որ մենք՝ միամիտներս կամ մեր ժողովուրդը, միամիտ հասարակությունը կարծենք, որ, ասենք, Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում տեղի է ունենում այս բազմամիլիարդ դոլարների թալանը, եւ այս երկրի գլխավոր իշխանավորները, պարագլուխները՝ Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ մնացածները, դրանից տեղյակ չեն: Այստեղ երկու տարբերակ կա: Տարբերակ առաջին՝ իսկապես տեղյակ չեն: Չնայած այդ դեպքում, կներեք, մենք գործ ունենք անմեղսունակ շալապայների հետ, որոնք բացարձակապես ոչ կոմպետենտ են եւ ընդհանրապես չեն իմանում այս երկիրը կառավարելու ճանապարհները: Այդ տարբերակին, իհարկե, շատ դժվար է հավատալ այն պատճառով, որովհետեւ նրանց կողմից հրապարակված հայտարարագրերը վկայում են, որ այս պետական բյուջեի թալանին համընթաց՝ նրանք գնալով միլիոններ են կուտակում: Դե, եկեք համադրենք՝ բյուջեի այս ապացուցված թալանը եւ երկրի գլխավոր իշխանավորների համընթաց հարստացումը: Չեմ կարծում, որ որեւէ մեկին կհամոզի այն տարբերակը, որ այս մարդիկ որեւէ բան չեն հասկանում, չեն տիրապետում իրավիճակին, եւ այս թալանն իրենցից անկախ է գնում, ու չգիտես ինչու՝ իրենք էլ են հարստանում:

Ինչ եզրակացության ենք գալիս. մենք գործ ունենք, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է ասում, վերից վար կոռումպացված, համակարգված թալանի հետ: Օգտագործելով պետական իշխանական համակարգը՝ համակարգված եւ լայնածավալ ձեւով թալանում են այս ժողովրդին, ընդ որում՝ այդ նպատակին նաեւ ծառայում են այն մարմինները՝ իրավապահները, որոնք պետք է դադարեցնեին թալանը: Ի՞նչ պետք է անենք նման ռեժիմի հետ: Այլ ճանապարհ մնո՞ւմ է, քան ժողովրդի հետ միասին ոտքի կանգնելով այս գողերին ուղարկենք պատմության աղբանոց:

– Իսկ ե՞րբ է պատրաստվում ՀԱԿ-ը ակտիվ գործողություններով՝ հանրահավաքներ, բողոքի ակցիաներ եւ այլն, ինչպես Դուք ասացիք՝ գողերին ուղարկել պատմության աղբանոց:

– Եթե որեւէ քաղաքական ուժ կա, որին ամենաքիչը կարելի է մեղադրել պասիվության կամ հանրահավաքներ չկազմակերպելու մեջ, դա ՀԱԿ-ն է: Հինգ տարի է՝ մենք զբաղված ենք նրանով, որ Հայաստանում աննախադեպ ակտիվությամբ կազմակերպել ենք մասսայական հանրահավաքներ:

Ունեցել ենք մի քանի դադարի շրջաններ, բայց նույն 2011-ին մենք 20-ից ավելի հանրահավաքներ արեցինք, այդ թվում նաեւ՝ շուրջօրյա: Քաղաքականության մեջ դա նորմալ է: Եթե դուք զբաղվեք անդադար հանրահավաքներով, կարող եք մաշեցնել քաղաքական ալիքը: Այդ պատճառով մենք միշտ հաշվարկում ենք եւ քաղաքական գործընթացներին համընթաց անում ենք հանրահավաքները: Հիմա, այո, նորից դադարի շրջան է, որ պայմանավորված է մի քանի փաստերով, ու դրանցից մեկն էլ այն է, որ ընտրություններից, մշտական հանրահավաքներից ժողովուրդն ուղղակի հոգնել է: Թեեւ ՀԱԿ-ը ամառային շրջանում մի քանի անգամ հանրահավաքներ է անցկացրել, քանի որ քաղաքական գործընթացները տաք են եղել, բայց հիմա այն վիճակը չէ, որ անտեսենք ամռան ֆակտորը: Նաեւ, իսկապես, պարզվում է, որ շատ հաճախ սոցիալական վիճակի վատթարացումն, ինչպես ասում են, պետք է ոսկորին հասնի, որ ժողովուրդը ոտքի կանգնի:

Մենք ձեռքը պահում ենք պուլսի վրա, եւ այն պահից, երբ տեսնենք, որ էֆեկտիվ քաղաքական գործընթաց կարելի է սկսել, մի մտածեք, մենք միանգամից կմտնենք մարտի մեջ:

– Թանկացումների ալիքը հուլիսից մարդիկ արդեն ռեալ կզգան իրենց մաշկի վրա: Կարծում եք՝ աշնանը Հայաստանում սոցիալական բունտ, այնուհանդերձ, կլինի՞, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ մեր երկրում բունտը սոցիալական չի լինում:

– Ես համաձայն եմ ձեզ հետ, որ, չգիտես ինչու, էդպիսի մի դոգմա են մտցրել մարդկանց գլուխները, որ Հայաստանում սոցիալական բունտ հնարավոր չէ: Հայաստանում սոցիալական բունտը զսպվում էր եւ ժողովրդի գիտակցությամբ, եւ ընդդիմության շրջահայացությամբ, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ կա Ղարաբաղի հարց: Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ, որ ամիսներ շարունակ պետական ապարատը՝ բանակը, ոստիկանությունը եւ այլն, լինի կազմալուծված, ինչպես Եգիպտոսում կամ Թունիսում եղավ: Հիմա Հայաստանում այդ զսպանակները կան, գործում են, բայց իշխանությունը, կարծես, դրանից դաս չի քաղում: Նրանք չեն հասկանում, որ այս կեղեքման գործընթացն իրենք կարող են այնպիսի մի աստիճանի հասցնել, որ անգամ այդ զսպանակներն այլեւս չգործեն: Հիմա իրենք մեր երկիրը մոտեցնում են հենց այդ սահմանին, երբ արդեն կարող է տեղի ունենալ պետական, ֆինանսական համակարգի կոլապս: Բայց այդ դեպքում ընդդիմությունն էլ արդեն չի կարողանա ոչ մեկին կանգնեցնել: Ընդդիմության դերն այդ դեպքում կլինի՝ փորձել այդ ամենը քաղաքակիրթ, կազմակերպված հուն տեղափոխել, փորձել կառուցել մի քաղաքական գործընթաց, որտեղ անցնցում, ավելի սահուն ձեւով է կատարվում իշխանության փոխանցումը:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930