Լրահոս
Օրվա լրահոսը

Ջայլամ բուծելու փոխարեն՝ գյուղացու ձեռքից թող խոզերը չխլեն

Հունիս 18,2013 14:26

Գյուղացիների խորհուրդը՝ ջայլամաբույծ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին ու խոզապահ Սամվել Ալեքսանյանին 

Դեռեւս անցած տարի՝ ԱԺ ընտրություններից առաջ, ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը խոստացել էր վերընտրվելուն պես իր ընտրատարածքում՝ Աշոցքում ու Ամասիայում ջայլամի գործ դնել: Չնայած իր ընտրատարածքում գրեթե 8 ամիս ձմեռ է, 40 աստիճան սառնամանիք, իսկ ջայլամը տաք բնակլիմայական պայմաններին սովոր թռչուն է, այդուհանդերձ՝ այս առիթով պատգամավորը լրագրողների հետ զրույցում բավական հետաքրքիր մեկնաբանություններ ու տնտեսական հաշվարկներ էր ներկայացրել: «Ունենք մասնագետ, որն Աֆրիկայում է ապրել եւ ջայլամների հետ աշխատել է: Փորձում ենք հասկանալ, թե մի կովը եթե մի հորթ ա տալիս, ջայլամը 50 ձագ ա տալիս, եւ համարյա երկու տարվա մեջ նույն կովի քաշին է լինում միսը: Ըսենց ասեմ՝ ավելի լավ, ավելի էկոլոգիապես մաքուր, ինչի՞ չանցնենք էդ ծրագիրը, որը արդեն բավական լուրջ ժամանակ քննարկվել է, եւ ունենք նաեւ ինվեստորը, պատրաստվում ենք մայիսի վերջերին հունիսի սկզբներին ջայլամի ծրագիրն անել, էկոլոգիապես մաքուր միս ա, ոնց են ասում՝ առանց խոլեստերինի, ինչի՞ չէ, բազմացման չափերն էնպիսին են, որ տասը տարվա ընթացքում երեւի Շիրակի մարզը միս կարտահանի՝ առանց մտածելու, նախ Հայաստանին կապահովի, հետո կարտահանի»,- խոստացել էր պատգամավորը:

Երեկ «Առավոտ»-ը թե՛ Ամասիայի եւ թե՛ Աշոցքի բնակիչներից հետաքրքրվեց, թե որեւէ նորություն կա՞ ջայլամների բիզնեսից, որեւէ մեկը պատահաբար տեսե՞լ է Աղաբաբյանի ջայլամներին: Ի պատասխան մեր հարցին՝ Արփա լճի ափին գտնվող ու մինուս 46 ջերմաստիճանով ձմեռ ունեցող Ամասիայի Բերդաշեն գյուղի նախկին գյուղապետ Սլավիկ Չապանյանն ասաց, որ ինքը ի սկզբանե ջայլամաբուծության ծրագրին անլուրջ է վերաբերվել, քանի որ դեռեւս ԽՍՀՄ տարիներին ուսումնասիրություններ էին կատարել ու անասնապահական ծրագրեր մշակել, թե որ գյուղում ինչ կենդանիներ կարելի է պահել: «Մեզ մոտ հաստատ չէին նախատեսել աֆրիկյան ու ավստրիական ջայլամներ պահել, այլ՝ խոշոր ու մանր եղջերավոր անասուններ: Ես ջայլամաբուծությունից գլուխ չեմ հանում, բայց միգուցե պարոն Աղաբաբյանը լուրջ ուսումնասիրություննե՞ր է կատարել, չգիտեմ, ես որ մեզ մոտ ջայլամ չեմ տեսել»,- ասաց մեր զրուցակիցը:

Աշոցքի բնակիչ, Բավրայի մաքսատան նախկին պետ Շալիկո Զորյանն (լուսանկարում) էլ, որն, ի դեպ, անցած տարի այդ նույն ընտրատարածքում պայքարում էր Աշոտ Աղաբաբյանի դեմ, ասաց. «Ես էստեղ ջայլամ չեմ տեսել, թեեւ ասեմ, որ մոտ 50 օր է՝ գյուղում չէի, բայց դա կապ չունի, եթե մարդիկ ձեւի համար գոնե մի ջայլամ տեսած լինեին, ապա այդ մասին խոսակցությունները ինձ էլ կհասնեին: Ես միշտ ասել եմ՝

չեմ քննարկի, թե ջայլամը եկամտաբե՞ր կլինի, թե՞ ոչ, որովհետեւ պատասխանը չգիտեմ, անհամեստություն չեմ ուզում անել: Պետք է հաշվարկ անել, տեսնել՝ ինչ ծախսեր է պահանջում, ինչ ներդրումներ են պատրաստվում անել, կողքից կանգնած վերլուծություններ չես կարող անել, դժվար է: Ուղղակի մի բան գիտեմ՝ Աղաբաբյանն էլ, ինչպես մյուսները, մի սանրի կտավ են, էլ ի՞նչ սպասես: Ոչ մեկին չի հետաքրքրում, որ սարսափելի աղետ է սահմանամերձ գյուղերում, էս ի՞նչ է կատարվում, մարդիկ ցամաք հաց չունեն ուտելու, էս ի՞նչ արտագաղթ է, եթե էսպես շարունակվի, ես վախենում եմ հայրենիքը կորցնենք: Ես չեմ չափազանցում, մարդիկ, իրենց դռների ու պատուհանների վրա խաչափայտեր խփելով, թողնում ու հեռանում են: Բայց չէ՞ որ մենք ամեն ինչ արեցինք հայրենիք վերադառնալու համար. ես երկար տարիներ ապրեցի Վրաստանում, պաշտոն զբաղեցրեցի, բայց, ի վերջո, որոշեցի գալ Հայաստան: Բա հիմա ի՞նչ է կատարվում, գնում եմ Ամասիա, դե, այնտեղ ջավախքահայությունը շատ է, ծանոթներ, բարեկամներ, ընկերներ ունեմ, տեսնում՝ գյուղերը դատարկվում են, գալիս եմ Գյումրի, մարդիկ ինձ մոտենում ու ասում են, թե Չերքեզի ձորում մի տուն ունենալու համար հարազատ եղբայրը եղբոր հետ էր կռվում, հիմա դռներն են հերթով կողպում ու հեռանում»: Մեր զրուցակիցը նաեւ խորհուրդ տվեց ջայլամ բուծելու փոխարեն գյուղացու ձեռքից նրա ունեցած խոզերը չխլել: Ըստ նրա՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մոնոպոլիզացրել է նաեւ այս ոլորտը, այնպես է արել, որ գյուղացիները հարկադրաբար հրաժարվեն իրենց խոզերից: «Ամեն մի ընտանիք 2-3, 6-8 կամ էլ լավագույն դեպքում 10 հատ խոզ էր պահում, թանկ գներով կեր գնեցին, գյուղատնտեսական վարկեր վերցրին մի ահռելի տոկոսով՝ 22-24, որպեսզի խոզերին պահեն, կերակրեն, հետո գոնե եկամուտ ստանան: Մեկ էլ, երբ եկավ խոզի միսը վաճառելու ժամանակը, հանկարծ շուկայում մեկ կիլոգրամը արհեստականորեն գցեցին, հասցրին 1800 դրամի: Դե, պատկերացրեք, գյուղացին ոչ միայն խոզերից օգուտ չստացավ, այլեւ սկսեց ճռռալ տոկոսների տակ, ամեն մի խոզի մեջ 30 հազար դրամի վնաս կրեց, այսինքն՝ ամեն ընտանիք ամենաքիչը 150.000-200.000 դրամ տուժեց: Ես ընտանիքներ գիտեմ, որոնք այս նպատակի համար բանկերից վերցրած  վարկերի պատճառով թաքնվում են, հիմա միջնորդները, երաշխավորներն են կրակն ընկել: Իհարկե, վարկ տրամադրելիս պետությունը նաեւ սուբսիդավորում էր, բայց այդ սուբսիդավորումը շատ քչերին էր հասնում: Վերջը էսպես ո՞ւր ենք հասնում»,- նեղսրտելով հարցնում է նախկին պաշտոնյան:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930