Ավանդույթ է ձեւավորվել Արագածոտնում. մարզպետ Սարգիս Սահակյանը ամեն տարի մեկ-երկու անգամ հանդիպում է մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հանդես գալիս ասուլիսով: Անցած շաբաթօրյա մամուլի ասուլիսը հետեւեց նրա պաշտոնավարման չորրորդ տարվան (Ս. Սահակյանը մարզպետ է նշանակվել 2009թ. մայիսի 29-ին):
Ո՛չ, այդ առթիվ չէր ասուլիսը, անգամ լրագրողների հիշեցումից հետո դա բոլորովին էլ չկարեւորեց ՀՀԿ-ական մարզպետը: Այդուհանդերձ, հասցրեցինք հետաքրքրվել նրա պաշտոնեական ապագայով՝ վկայակոչելով վերջին մեկ տարուց ավելին, որի ընթացքում ոմանք, այդ թվում՝ որոշ քաղաքական ուժեր, փութաջանորեն փորձում էին լուրեր տարածել Արագածոտնի ղեկավարի մոտալուտ պաշտոնանկության վերաբերյալ: «Երեւանյան լրատվամիջոցները իմ տեղակալների մասով են մտահոգ, դուք՝ ի՞մ…»,- կեսկատակ ասաց Ս. Սահակյանը՝ նկատել տալով, որ մարզպետի քաղաքական պաշտոնում իր մնալ-չմնալը որոշողը կուսակցությունն է՝ ՀՀԿ-ն, եւ կառավարությունը: Միաժամանակ նա չթաքցրեց, որ ինքը մարզում անելիք դեռ շատ ունի, սկսած գործեր ու ծրագրեր, որոնց իրականացումն ու ավարտին հասցնելը տարիներ են պահանջում:
Անդրադառնալով փոխմարզպետներին՝ Սարգիս Սահակյանը հիշեցրեց, որ դեռ անցած տարվանից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ իշխանական կոալիցիայից դուրս գալուց եւ ԲՀԿ-ական Մանաֆաս Բազմասերի Առաքելյանի հրաժարականից հետո փոխմարզպետի աթոռը մինչ օրս թափուր է: Իսկ մյուս տեղակալը 2011թ. ապրիլից Արամ Արագեղեցիկի Արսենյանն է, ով նշանակվելիս անկուսակցական էր, իսկ անցած տարեվերջից ՀՀԿ անդամ է: Նշենք, որ նրա՝ աշխատանքային հերթական արձակուրդի գնալը որոշ լրատվամիջոցներ որակեցին պաշտոնանկություն:
Ներկայացնելով մարզի տնտեսության տարբեր ոլորտներում վերջին տարիներին իրականացված եւ այժմ ընթացող ծրագրերը՝ մարզպետը ասաց, որ գյուղատնտեսական մարզի համարում ունեցող Արագածոտնում տարեցտարի զարգանում է, մասնավորապես, վերամշակող արդյունաբերությունը: Այս ոլորտում տարեսկզբից արդեն կատարվել է շուրջ 1,4 մլրդ դրամի ներդրում: Մինչեւ տարեվերջ ներդրումային այդ ծավալը կկրկնապատկվի՝ կազմելով 2,867 մլրդ դրամ: Ըստ Սարգիս Սահակյանի՝ գյուղատնտեսությունում ներդրումային քաղաքականությունն առավել նպատակային ու լայնածավալ է, որն այս տարի կարող է հասնել մինչեւ 14 մլրդ դրամի: Դրա գրեթե կեսը (6,680 մլրդ դրամ) մարզին է մասհանվել ՀՀ պետբյուջեից: Մնացածը այլ կազմակերպությունների, անհատների եւ համայնքների կողմից կատարվող ներդրումներ են, որ նպատակ ունեն ընդլայնել ֆերմերային տնտեսությունները, զարգացնել բուսաբուծությունը, ստեղծել նոր այգիներ:
Կարդացեք նաև
Գյուղատնտեսական արտադրանք մթերող եւ վերամշակող կազմակերպությունների հետ ներկայումս պայմանագրեր են կնքվել կենտրոնացված մթերումների իրականացման համար: Նախնական տվյալներով՝ այդ կազմակերպությունների կողմից կգնվի 3000 տոննա ծիրան, 4000 տոննա խաղող, 20.000 տոննա այլ մրգեր:
Մարզպետի տեղեկացմամբ՝ ՀՀ պետբյուջեի սուբսիդավորմամբ տնտեսությունները գարնանը ստացել են 100 տոննա գարնանացան գարու, 9 տոննա առվույտի, 60 տոննա կորնգանի եւ 2 տոննա եգիպտացորենի սերմացու: Հողօգտագործողներին 1 պարկը 6000 դրամով տրվել է 3300 տոննա ազոտական պարարտանյութ: Այս օրերին ընթանում է 1 լիտրը 350 դրամով շուրջ 600.000 լիտր դիզելային վառելանյութի հատկացումը:
Այս տարի Արագածոտնի մարզում 1,739 մլրդ դրամ գումարի շինարարություն է իրականացվելու, նախատեսված է վերանորոգել 15 եւ կառուցել 3 դպրոց:
Վերակառուցվելու են նաեւ մշակույթի տներ, բազմաբնակարան շենքերի տանիքներ եւ այլն:
Մարզպետի փոխանցմամբ՝ խմելու ջրամատակարարման ոլորտում այս տարվա ներդրումները կազմելու են 223,1 մլն դրամ, ճանապարհաշինության ոլորտում՝ 687,6 մլն դրամ, իսկ գազամատակարարման ներդրումները կազմելու են 210 մլն դրամ, որտեղ իր մեծ մասնաբաժինն ունի ԻՖԱԴ-ը, առկա են նաեւ համայնքների ներդրումները:
ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ