Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրան ներկա նվիրեց Վլադիմիր Գասպարյանը՝ ազատելով համակարգից»

Հունիս 18,2013 14:20

Օրեր առաջ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ նշանակվեց Նազարեթ Մնացականյանը:

Սույն պարոնն աշխատում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրանյութերի դեմ պայքարի վարչությունում: «Առավոտը» նրա գործունեության մասին մի քանի սկանդալային պատմություններ է հրապարակել: Դրանք կապված էին քիմգործարանի նախկին տնօրեն Սամվել Խաչատրյանի մոտից 65 հազար դոլարը կորչելու, Ս. Խաչատրյանի մեկուսարանից բողոքների, ինչպես նաեւ 7 փոխգնդապետներին կադրերի ռեզերվ ուղարկելու կապակցությամբ: Նազարը, որը հայտնի է «Քյանքուլ» մականունով, սիրում էր հաճախ կրկնել. «Իմ դեմ խաղ չկա», ինչին ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, մինչ նրան աշխատանքից կազատեր, պատասխանեց. «Նազարների դեմ խաղ կա»:

Նոր փոխնախարարի նշանակումը միանշանակ չի ընդունվել ինչպես նրա նախկին գործընկերների, այնպես էլ նրա գլխավորած վարչության զոհ դարձած քաղաքացիների կողմից: Իմ զրուցակիցը Պետրոս Սահակյանն է, որը 1993թ.-ից աշխատում է ՀՀ ոստիկանությունում, 2011թ. մարտից ոստիկանության կադրերի ռեզերվի տրամադրության տակ է:

-Դուք աշխատել եք Նազարեթ Մնացականյանի օրոք եւ անցել եք կադրերի ռեզերվ: Այդ ազատումների հետ կապված՝ լրատվամիջոցներում շատ հրապարակումներ եղան: Այդ հրապարակումներին արձագանքեց նորանշանակ ոստիկանապետը՝ Վլադիմիր Գասպարյանը: Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել:

– 2007-2011 թթ. Մնացականյանը եղել է ոստիկանության ԿՀԴՊ 4-րդ վարչության պետ: Ես եղել եմ 4-րդ վարչության 4-րդ բաժնի պետը՝ թմրաբիզնեսի դեմ պայքարի, երբ Մնացականյանը եկավ մեր վարչություն, ինքն ընդհանրապես օպերատիվ տնտեսությունից գաղափար չուներ: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանց դեմ պայքարի ոլորտում պրոֆեսիոնալ չէր: Իր տգիտությամբ երեք տարի միշտ խառնել է ամեն ինչ: Մենք լինելով իր աշխատողները, նախկին ոստիկանապետի եւ գլխավոր վարչության պետի օրոք անընդհատ զգուշացվել ենք, որ Մնացականյանը մասնակից չլինի վարչության գործերին:

-Այսի՞նքն:

-Լինելով նրա աշխատակիցները, կարող ենք հաստատել, որ նա տեղյակ չի եղել վարչության գործերից, բացահայտումներից: Քսան տարվա օպերատիվ աշխատող լինելով՝ զարմացա, երբ նման մարդուն նշանակեցին պրոֆեսիոնալ վարչության ղեկավար, մի վարչություն, որն ամբողջ աշխարհում թիվ մեկ կառույցն է համարվում:

Այն տպավորությունն էր, թե նրան ուղարկել էին կառույցը «փչացնելու», քայքայելու, տապալելու:

-Կարծիքն այնպիսին էր, որ այդ ժամանակվա ղեկավարությունը չէ՞ր ուզում պայքարն ավելի ուժեղացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ:

-Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել՝ հետեւությունը թողնելով ձեզ: 2010թ. մարտին 3 կիլոգրամ թմրանյութի գործով, երբ Երեւանում բռնեցինք Իրանի 3 քաղաքացիների, նա տեղյակ էլ չի եղել: Մեծ աղմուկ բարձրացավ, երբ հայտնաբերեցինք 4 լաբորատորիա, նա գործընթացին չի խառնվել ղեկավարների՝ մեզ տրված ցուցումով: Լաբորատորիաներից մեկը գտնվում էր Արցախի փողոցում՝ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ անֆիտամինե հաբեր են արտադրել, որի տնօրենն էր Սամվել Խաչատրյանը:

Տնօրեն Սամվել Խաչատրյանը, ում մասին, ի դեպ, լրատվամիջոցները, այդ թվում՝ նաեւ «Առավոտը», հրապարակել էին, 2010 թվականի հուլիսի սկզբներին, Իրանից վերադառնալիս, բերման է ենթարկվել ոստիկանության ՀԿԳ քննչական վարչություն: 10 ամիս հետո իմացանք, որ 65 հազար դոլար գումար է կորել Ս. Խաչատրյանի մոտից: Երբ Սամվել Խաչատրյանը տարածեց, թե իր մոտից գումար է կորել, Նազարեթ Մնացականյանը, կասկածն իրենից հեռացնելու համար, 2011թ. սկզբին սկսեց անօրինական ծառայողական քննություններ: Դրանից հետո տեղեկացանք, որ տնօրենը Նազարեթի «տասնհինգ տարվա ընկերն է եղել», եւ որպեսզի խուզարկությամբ գումարը չհայտնաբերվեր, այն տվել է Նազարին, վերջինն էլ, իր ասելով, կիսվել էր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ս. Խաչատրյանը բերդում բանավոր հայտնել էր, թե Նազարեթին է տվել գումարը: Դա, իհարկե, քննությամբ չպարզվեց, քանի որ նա բանավոր ասաց, գրավոր չպնդեց: Գործը ոստիկանության հատուկ տեսչությունից ուղարկվեց Հատուկ քննչական ծառայություն:

-Պարոն Սահակյան, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ այդ հարցին, երբ հոկտեմբերին նշանակվեց ՀՀ ոստիկանապետ:

-Այո, ոստիկանապետի առաջին գործն այն եղավ, որ նորից քննություն սկսեց ոստիկանության հատուկ տեսչությունում: Ոստիկանապետը կրկին նյութեր ուղարկեց Հատուկ քննչական ծառայություն: Վլադիմիր Գասպարյանը միակ մարդն էր, որը իր նշանակումից մեկ ամիս հետո դուրս շպրտեց Նազարեթ Մնացականյանին, ուղարկելով……թոշակի, քանի որ «Քյանքյուլի» կատարած իրավախախտումները չհանդուրժեց եւ պատժեց:

-Իսկ ի՞նչ եղան կադրերը, որոնք ազատվել էին:

-Հիմնականում Վ. Գասպարյանը, անդրադառնալով այդ խնդրին, մի քանի կադրերի վերականգնեց, մի քանիսին էլ գործեր է առաջարկում: Նշված իրադարձություններից հետո՝ 2011թ. մարտին ինքս զեկուցագիր եմ գրել, որը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը տասը րոպեում ստորագրեց: Ես ոչ մի օր, ոչ մի վայրկյան չէի կարող աշխատել «Քյանքուլի» եւ «քյանքուլների» հետ:

Իմ դուրս գալուց հետո՝ նույն ժամանակահատվածում, ազատվել են եւս 6 հոգի՝ պրոֆեսիոնալ փոխգնդապետներ, 18-25 տարվա ստաժով: Երբ մենք ազատման զեկուցագրեր էինք գրում, մեզ նախկին ոստիկանապետը չկանչեց, չհարցրեց, թե մի վարչությունից ինչպես կարող են նման ազատումներ լինել՝ երեք բաժնի պետ, մի տեղակալ, երեք ՀԿԳ օպերլիազոր, այստեղից էլ հետեւություններ… Նազարը թույլերին նվաստացնելով, ուժեղներից վախենալով՝ Ս. Խաչատրյանի գումարը «անհետանալուց» հետո սկսեց ղեկավարների աչքի լույսը դառնալ, որից հետո սկսեց իր քայքայիչ աշխատանքը:

 

-Պարոն Սահակյան, որքանով տեղյակ եմ, մեր մարզական աշխարհում թմրանյութերի ապօրինի շրջանառության, դոպինգի օգտագործման հետ կապված խնդիրներ են առաջացել: Գուցե այդ նպատակո՞վ են նրան փոխնախարար նշանակել:

-«Քյանքյուլի» կենսագրականի մեջ նշվում է, որ 1994-1997թթ. աշխատել է ԿՀԴՊՎ-ում, այդ ժամանակվա ղեկավար Արմեն Երիցյանը նրան ինչ-որ կատարած չարաշահումների համար դուրս է շպրտել շենքից՝ վկայականը ձեռքից վերցնելով: Նշել է, թե աշխատել է ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետի տեղակալ եւ վարչության պետ: Այդ ոլորտում էլ ապաշնորհ գտնվեց, խարդավանքներով ամբողջ անձնակազմին հանեց իրար դեմ, որը մինչեւ օրս չի մոռացվել: Կամ ստացված մեդալները, թող նշեն մեկ մեդալ, որը ստացել է ինչ-ինչ բացահայտումների համար: Էլ չեմ խոսում ԿՀԴՊՎ չորրորդ վարչության մասին: Նա, որպես քսան տարվա օպերատիվ աշխատող, ոչ մի անգամ հանցագործի ձեռքից բռնած եւ գործ հարուցած չկա: Էլ ուր մնաց՝ մարզական աշխարհում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքար մղեր: Սպորտի եւ երիտասարդության նախարարությունում ի՞նչ պիտի անի: Հարցս՝ որպես երկրի քաղաքացի, ուզում եմ ուղղել ՀՀ վարչապետին եւ հանրապետական կուսակցության այն անդամներին, որոնք ամեն օր խմում են «Քյանքյուլին» պատկանող Մաշտոցի պողոտայում գտնվող «Կամելոտ» ռեստորանում: Նշանակումները ի՞նչ շահերից են բխում, միգուցե ոստիկանությունում այդ աշխատանքային փորձը նշելով, հարցումնե՞ր անեիք ՀՀ ոստիկանապետին եւ նրա աշխատակիցներին: Նման ապաշնորհ մարդն իրավունք չունի փչացնելու նախարարությունը: Նա չունի անցյալ, չունի ներկա եւ չի ունենա ապագա: Ներկան Վլադիմիր Գասպարյանը նվիրեց նրան՝ դուրս շպրտելով համակարգից: Նրան թամադայի «հաստիքով» կարելի էր նշանակել մշակույթի նախարարությունում, որպես մշակույթի բաժնի տեսուչ:

Հարցազրույցը՝

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930