Հարգարժան պարոն նախագահ, տարիներ շարունակ իմ եւ իմ ընտանիքի անդամների դեմ կատարվում են անօրինություններ, որոնցից մի քանիսին ինքներդ լավատեղյակ եք, ու Ձեզ դիմելու արդյունքում եղել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ: Սակայն մեզ համար ոչինչ չի փոխվել…
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան են ուղարկել իմ նկատմամբ հարուցված քրեական գործը: Ըստ մեղադրական եզրակացության, ես՝ Կամո Շահինյանս, իմ տնամերձ հողամասում եւ «դրան հարակից տարածքում», ապօրինի կերպով իբր աճեցրել եմ առանձնապես խոշոր չափերի՝ 15320 գրամ «մշակումն արգելված թմրանյութեր պարունակող կանեփի թուփ, իսկ խոհանոցում էլ «պահել» եմ 9, 914 գրամ չորացված մարիխուանա»: Ազնվության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ երբեմն օգտագործել եմ մարիխուանա՝ ինքնաբուժման նպատակով, սակայն երկու ամիս առաջ հրաժարվել էի օգտագործելուց, նպատակ ունենալով առաջիկա օրերին դուրս գալ երկրից:
Իմ բնակարանում խուզարկության պահին հայտնաբերվել է ընդամենը 0,7 գ չորացրած մարիխուանա: Նույնիսկ ոստիկաններից մեկն ասել է՝ «սիգարետի մի գլանակ կլինի»: Նյութերը մինչեւ հասել են ոստիկանության քննչական բաժին, դարձել է 9,914 գրամ:
Ասեմ, որ մեր տան խուզարկության ժամանակ, ինչպես եւ հարակից տարածքում հայտնաբերվածը կապ չունի ինձ հետ: Ոստիկանների կողմից «առգրավվման» եւ խուզարկության ժամանակ էլ ես տանը չեմ եղել:
Կարդացեք նաև
Իմ նկատմամբ հարուցվել է հետախուզում, երբ չեն գտել ինձ, գործի վարույթը կասեցրել են:
Հայտնում եմ, որ ես կամովին եմ ներկայացել ոստիկանության բաժին:
Իմ նկատմամբ հետապնդումները սկսվել են դեռ շատ վաղուց: Նախկինում էլ ես անհիմն դատապարտվել եմ բազմաթիվ անգամ: Իսկ 2006թ. ոստիկանների կողմից նմանատիպ մի գործ փորձեցին ինձ հետ կապել. դարձյալ «խուզարկությամբ», իմ բնակարանում թմրամիջոց էր որոնել Արմավիրի մարզի ոստիկանության բաժինը, որը քրեական գործ հարուցեց, սակայն թմրամիջոց պահելու եւ ձեռք բերելու հանգամանքը չապացուցվեց, ուստի քրգործ հարուցելու որոշումը վերացվեց: Այն ժամանակ միջամտեց բարձրաստիճան զինվորական պաշտոնյա: Ի դեպ, ինքս 1990-92թթ. ակտիվորեն մասնակցել եմ ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը (խմբագրության ձեռքի տակ է համապատասխան տեղեկանքը):
Իմ նկատմամբ ոստիկանության բաժնում բազմաթիվ անգամ կիրառվել են խոշտանգումներ, գանգուղեղային բազմաթիվ վնասվածքներ դեռ առկա են: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-րդ հոդվածի, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի: ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտյան փաստաթղթում էլ մասնակից պետությունները պարտավորվել են «քննելու խոշտանգման վերաբերյալ բոլոր հայտարարությունները» (ի դեպ, youtube-ում կա ինձ խոշտանգման ենթարկելու մասին տեսանյութ):
Իմ եւ ընտանիքիս անդամների բողոքները մնացել են անպատասխան, կամ դրանց հետեւել են նոր շինծու քրեական գործեր, որոնք հետեւողականորեն հասցվել են ավարտին: Կամ էլ, եթե պատասխանել են, ապա շաբլոն պատասխանով. «Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կ. Շահինյանին մեղսագրված արարքը հաստատվել է քրգործով ձեռք բերված հավաստի եւ բավարար ապացույցներով»:
Իմ դեմ հարուցված բոլոր քրեական գործերով ոստիկանները թույլ են տվել բազմաթիվ անօրինականություններ եւ իրավախախտումներ: Մի խոսքով՝ ոստիկանները ինչ կամեցել, այն էլ արել են: Ոչ մի գործով չի եղել ո՛չ առերեսում, ո՛չ վկա: Պարզապես պետք է, որ ինձ մեկուսացնեն, եւ մեկուսացնում են, հաշվի չառնելով, որ ունեմ ընտանիք, անչափահաս երեխաներ:
Վերջին անգամ տանս խուզարկության ժամանակ 30 ոստիկան է հայտնվել մեր կացարանում եւ ստիպել կնոջս ու ավագ որդուս ստորագրել ինչ-ոչ թղթի տակ: Կինս ու տղաս, գտնվելով ծանր հոգեվիճակում, չեն էլ իմացել, որ իրավունք ունեն մերձավորի դեմ որեւէ փաստաթուղթ չստորագրել: Իմ կացարանից մոտ 50մ հեռավորության վրա գտնվող կանեփի զանգվածը ոստիկանները տեղափոխել են իմ հողամաս, ինչին փորձել են խոչընդոտել մայրս եւ անչափահաս որդիս: Սա հիմք է տալիս ասելու, որ իմ նկատմամբ պատվեր է եղել, եւ ես դարձել եմ պատվերի զոհ:
1990-ական թվականներից իմ ֆիզիկական ներկայությամբ ես խանգարում եմ որոշ բարձրաստիճան արտոնյալների, ուստի նրանք դիմում են անօրեն քայլերի:
Խնդրում եմ Ձեր անձնական հսկողության տակ վերցնել իմ նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը եւ հետեւողական գտնվել՝ ճիշտ դատաքննություն ապահովելու համար, արդարացման դատավճիռ կայացնել՝ ֆիզիկական անվտանգությամբ եւ բարոյական փոխհատուցմամբ:
ԿԱՄՈ ՇԱՀԻՆՅԱՆ
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ
«Առավոտ» օրաթերթ