Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերենից «կտրվել» է 9%-ը, մաթեմատիկայից՝ 17

Հունիս 18,2013 14:07

Իսկ կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների արդյունքներն այս տարի բարձր են

Հունիսի 1-ից մեկնարկել են միասնական քննությունները ՀՀ ողջ տարածքում եւ Արցախում: Հունիսի 1-ին կայացել է ռուսաց լեզու առարկայի քննությունը, հունիսի 4-ին՝ հայոց լեզու եւ գրականությունը, 7-ին կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների քննությունն էր, հունիսի 11-ին դիմորդները միասնական քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից, հունիսի 14-ին օտար լեզվից, այսօր ֆիզիկա առարկայի քննությունն է, հունիսի 21-ին՝ հայոց պատմություն եւ քիմիա առարկաներինը:
Յուրաքանչյուր դիմորդ իր արդյունքների մասին տեղեկատվություն է ստանում այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել է քննությունը: Եվ, ըստ կարգի, քննական արդյունքի հետ անհամաձայնության դեպքում նա բողոքարկում է դարձյալ այն նույն կենտրոնում, որտեղ հանձնել է քննությունը:
«Առավոտը» Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանին խնդրեց ներկայացնել մինչեւ հիմա հանձնած քննությունների պատկերը՝ ըստ առարկաների, բողոքարկումների բնույթը եւ այլն:
Պարոն Իսպիրյանը նշեց, որ ռուսաց լեզու առարկայի միջին միավորը 11% է, անբավարար ստացածները՝ 17%, 11 հոգի ռուսերենից 20 միավոր է ստացել, ինչը կազմում է 1,2%, ռուսերենի քննությունից բացակայել է 104 հոգի, 1242 դիմորդ մասնակցել է ռուսերենի քննությանը: Պարոն Իսպիրյանի ասելով, ռուսերենի արդյունքը որեւէ դիմորդ չի բողոքարկել:
«Ընդհանրապես այս տարի չունենք բողոքարկումներ, չհաշված այն 15-20 դեպքը, որոնք տեխնիկական բնույթի խնդիրների էին առնչվում, օրինակ՝ համակարգիչը չէր ճանաչել թիվը, խաչը եւ այլն: Նման բոլոր խնդիրների դեպքում ամեն ինչ դիմորդի օգտին է լուծվում»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրանից տեղեկացանք, որ հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի քննությանը մասնակցել է ավելի քան 8600 դիմորդ, միջին միավորը 13-ն է, հայերենից անբավարար է ստացել դիմորդների 9%-ը, 7,5-13 միավոր՝ 38%-ը, 13-17 միավոր է ստացել 32%-ը, իսկ 20%-ը 17-ից բարձր միավորներ է ստացել: 80 դիմորդ հայոց լեզու եւ գրականություն առարկայից ստացել է առավելագույն՝ 20 միավոր: Արա Իսպիրյանի ասելով, դժգոհություններ եղել են 66-րդ առաջադրանքի երկրորդ տարբերակի շուրջ:
Նրա տեղեկացմամբ, կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների արդյունքները այս տարի բավականին բարձր են:
Կենսաբանության քննությանը մասնակցել է 1640 դիմորդ, նվազագույն միավորի շեմը չի հաղթահարել 200 դիմորդ, 7,3-13 միավոր ստացածները՝ 24% են, նույնքան էլ կազմում են 13-17 միավոր ստացածները, 17-ից բարձր միավոր է ստացել 39%-ը: 9%-ը ստացել է առավելագույն՝ 20 միավոր:
Արա Իսպիրյանը տեղեկացրեց, որ աշխարհագրություն առարկայի քննությանը մասնակցել է 330 դիմորդ, միջին միավորը 15-ն է, «կտրվածների» թիվը կազմում է 6%, 31%-ը ստացել է 7,5-13 միավոր, 34%-ը՝ 13-17: Աշխարհագրությունից 17-ից բարձր ստացել է 28%-ը, իսկ 12 դիմորդ վաստակել է առավելագույն միավոր:
Ընդհանուր պատմություն առարկայի քննությանը մասնակցած 214 դիմորդից նվազագույնի շեմը չի հաղթահարել 20%-ը, 7,3-13 միավոր է ստացել 44%-ը, 13-17 միավոր՝ 28%-ը: Այս առարկայից միայն մեկ դիմորդ է 20 միավոր ստացել:
Այս տարի մաթեմատիկա առարկայի միջին միավորը 11,35 է, անբավարար է ստացել 17 %-ը: 42%-ը ստացել է 7,3-13 միավոր, 30%-ը՝ 13-18 միավոր: Մաթեմատիկայից 18-ից բարձր է ստացել 11%-ը: 20 ստացել է 1,5%-ը: Ամբողջ հանրապետությունում ստեղծվել է 36 քննական կենտրոն, որը օգտագործվել է հայոց լեզվի քննության ժամանակ, մաթեմատիկայի քննությունն անցկացվել է 30, իսկ օտար լեզվինը՝ 32 կենտրոններում:
Պարոն Իսպիրյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն է իրավիճակը Արցախում եւ այնտեղ հատկապես ո՞ր առարկաներից են ավելի բարձր միավորներ գրանցվել: ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետը նշեց, որ Արցախում պատկերը նույնն է, ինչ Հայաստանում: Նաեւ փաստեց, որ բարձր առաջադիմություն է գրանցվել մասնավորապես կենսաբանություն, աշխարհագրություն եւ օտար լեզու առարկաներից:
Ի դեպ, Արցախում 5 քննական կենտրոն է ձեւավորվել, իսկ ամենամեծ՝ հայոց լեզվի քննությանը մասնակցել է 1100 դիմորդ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930