Այս տարվա հինգ ամիսների վիճակագրական տվյալներով ավելացել են անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը:
ՀՀ ոստիկանության անչափահասների գործով վարչության պետ Արթուր Վարդանյանի տվյալներով, այս տարվա հինգ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված տասներկու սեռական ոտնձգության դեպքի փոխարեն կատարվել է քսաներեք դեպք:
Այսօր «Վարկած» ակումբում պարոն Վարդանյանը դժվարացավ նշել նման դեպքերի աճը ինչով է պայմանավորված. «Սեռական հանցագործությունները չի կարելի կապել նախապայմաններով: Դեպքերը տարբեր պատճառներով են լինում : Նախ ծնողների կողմից անչափահասների նկատմամբ դաստիարակության, հսկողության, հետեւողականության բացակայությունը առաջին նախապայմաններից է : Առաջին հերթին պետք է հետամուտ լինեն դաստիարակության եւ այլ խնդիրների հարցում»:
Պարոն Վարդանյանի խոսքերով, սեռական ոտնձգությունների հիմնականում անչափահասները ենթարկվում են մայր ծնողների ընկերների, խորթ հայրերի կամ էլ ընտանիքի բարեկամներ կողմից:
Կարդացեք նաև
Ինտերնետի ու սոցիալական ցանցերի հասանելիությունը , ըստ պարոն Վարդանյանի, նույնպես նման դեպքերի աճի նախապայման կարող է լինել. «Սեռական ոտնձգությունները հիմնականում եղել են տասներեք- տասնչորս տարեկան անչափահասների նկատմամբ: Այս տարվա հինգ ամիսների դրությամբ սեռական ոտնձգության քսան դեպքը միայն աղջիկների նկատմամբ է եղել: Մի դեպք էլ գրանցվել է, երբ անչափահասն է անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն թույլ տվել: Հիմնականում Երեւանում են կատարվում նման հանցագործությունները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ