Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսները չեն մահանում

Հունիս 18,2013 13:56

heros1Վերջերս «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում կայացավ  երկնային կյանքով ապրող սակրավոր-հետախույզ, կապիտան Համլետ Մինասյանին նվիրված «Համլետ Մինասյան. սակրավոր Համո» գրքի շնորհանդեսն ու հերոսի ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառումը:

1991թ. սեպտեմբերի 13-ին Շահումյանում սկսվեց հայկական ուժերի հակահարձակումը: Եռօրյա մարտերի ընթացքում թշնամուց լիովին ազատագրվեց Էրքեջ-Բուզլուխ-Մանաշիդ գյուղախումբը: Մինչ այդ՝ հուլիսի 15-ին, մեծաքանակ օդուժի եւ զրահատեխնիկայի օգնությամբ խորհրդա-ադրբեջանական միացյալ ուժերը (Կիրովաբադի 23-րդ դիվիզիա) ծանր կորուստների գնով (72 սպանված, 3 միավոր զրահատեխնիկա) գրավել էին Էրքեջ գյուղը: Նախորդ օրն ընկել էին Մանաշիդ եւ Բուզլուխ գյուղերը: Գյուղերի բնակչությունը հավաքվել էր Վերին Շենում: Այստեղ մարտնչում էին մի շարք զինվորականներ, կապիտան Համլետ Մինասյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Դավիթ Սարապյանը (Դեւ), էրքեջցի Կամոն եւ այլք:

Այս տարի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ Համլետ Մինասյանի  ավագ որդու՝ Արսենի միջոցներով ու նրա ծնողների՝ Լալազար ու Մարլենա Մինասյանների   նախաձեռնությամբ որոշվեց հրատարակել մի գրքույկ, որտեղ համախմբված են լինելու տարիների ընթացքում տարբեր մտավորականների ու զինվորականների կողմից գրված հոդվածներն ու մտքերը քաջարի հերոսի մասին: Գրքույկի առաջաբանի հեղինակն է հայրը՝ Լալազար Մինասյանը, ով միշտ ասում է. «Եթե տարիքս ներեր՝ զենքը կվերցնեի ու որդուս համար վրեժխնդիր կլինեի»:

Միջոցառման առիթով թանգարանում հավաքվել էին բարձրաստիճան զինվորականներ, մտավորականներ, Նոր Նորք վարչական շրջանի ներկայացուցիչներ, Համլետ Մինասյանի  մարտական  ընկերներն ու հարազատները: Եվ իրոք որ հերոսները չեն մահանում…… դեռ ինչեր ասես, որ  չէր անի սակրավոր Համոն՝ էլ ավելի ամրապնդելու մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը: Նա հակիրճ ներկայացրեց միջոցառման բուն նպատակը,  Համլետի անցած ուղին ու գրքույկի բովանդակությունը:

Ելույթով հանդես եկավ ԵԿՄ անդամ Հակոբ Հակոբյանը: Նա հույս հայտնեց, որ հրատարակված գիրքը կդառնա մատաղ սերնդին հայրենասիրույթամբ դաստիարակելու յուրօրինակ դասագիրք: Հակոբ Հակոբյանը հայտնեց, որ Համլետ Մինասյանը հետմահու պարգեւատրվել է ԵԿՄ մեդալով, եւ պարգեւը հանձնեց նրա հորը՝ Լալազար Մինասյանին:

Ելույթ ունեցավ նաեւ թիվ 62 դպրոցի ներկայացուցիչը, ով նշեց, որ դպրոցում աշակերտների հետ պարբերաբար անցկացվում են ռազմահայրենասիրական բնույթի պարապմունքներ, ու հավելեց, որ նորատիպ գիրքը կդառնա ռազմահայրենասիրական մի ձեռնարկ:  Միջոցառմանը ելույթ ունեցան նաեւ երգահան-երգիչ  Արսեն Համբարյանը, ՊՆ «Զորական» երգի համույթը՝ Արամ Գալստյանի ղեկավարությամբ:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930