Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտպանել «օտար ցեղին»

Հունիս 18,2013 13:51

Երեկ դատախազության մոտ ցույց էին անում կանանց իրավունքների պաշտպանները: Ցուցարարների ուշադրության կենտրոնում 20-ամյա Մարո Գուլոյանի գործն էր, որը, ըստ պաշտոնական վարկածի, կախվել է սեփական լոգարանում: Այդ դեպքի առիթով հարուցված էր քրեական գործ, որը, սակայն, կարճվեց, եւ այսպիսով նախաքննության մարմինը, մոտ մեկ տարի գործը ձգելով, գտավ, որ Մարոյի ամուսինը` Գեւորգ Գուլոյանը, որեւէ ձեւով չի նպաստել այդ «ինքնասպանությանը»: Իսկ դատախազության մոտ հավաքվածները գտնում էին, որ լավ էլ նպաստել է` կնոջ նկատմամբ բռնություններ եւ նվաստացումներ կիրառելով:

Խնդիրն, իհարկե, իրավական է, որեւէ կանխակալ վերաբերմունք այստեղ չի կարող լինել: Ուշագրավ է մեկ այլ հանգամանք. սովորաբար կանանց իրավունքները պաշտպանող հ/կ-ները հատկապես բացասական վերաբերմունքի են արժանանում հասարակության մի մասի կողմից: Նման մոտեցումներ սովորաբար ցուցաբերում են հասարակական երեք խմբեր. ա/ «ավանդական ազգային արժեքների» ջատագովները, որոնք գտնում են, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են միայն «գրանտակերները», իսկ «եվրոպական արժեք» կոչվածը սոսկ անբարոյականության քարոզ է, բ/ տղամարդիկ` «սեռական համերաշխությունից» ելնելով, գ/ սկեսուրները` որպես ընտանեկան բռնությունների հովանավոր եւ կազմակերպիչ:

Առաջին եւ վերջին խմբերն անհույս են. եթե մարդը կարծում է, որ բռնությունը ազգային արժեք է, կամ` եթե նա գտնում է, որ իր հարս եղած ժամանակվա տառապանքները նա պետք է փոխհատուցի սեփական հարսին տանջելով, այդ երկու խմբերին դժվար է տարհամոզել:  Հույսս տղամարդիկ են: Դուք նկատե՞լ եք, որ նման ցույցերին երբեք ոչ մի տղամարդ չի մասնակցում` երեւի դա համարում են մեր` տղամարդկային ցեղի նկատմամբ դավաճանության նման մի բան: Այնինչ, երբ դու գտնում ես, որ քո խմբի, տվյալ դեպքում՝ սեռի ներկայացուցիչը սխալ է գործել, դա, վստահ եմ, բարձրացնում է քո խմբի (սեռի) արժեքը:

Ուրեմն տղամարդիկ պիտի պաշտպանեն կանանց իրավունքները, սպիտակամորթները պարտավոր են պայքարել, որ սեւամորթների նկատմամբ խտրականություն չդրսեւորվի եւ հակառակը, քրիստոնյաները պիտի ձգտեն, որ մահմեդականները կարողանան ազատորեն արտահայտել իրենց կրոնական զգացմունքները եւ հակառակը, նույնը՝ սունիներն ու շիաները, կաթոլիկներն ու բողոքականները: Մենք՝ նորմալ կողմնորոշում ունեցողներս, պետք է ընդվզենք, երբ «ավանդական ազգային արժեքների» ջատագովները հարձակվում են մի սրճարանի վրա, որտեղ, իրենց կարծիքով, հավաքվում են միասեռականները: Իշխանության կողմնակիցները եւ քաղաքականության նկատմամբ անտարբերները պետք է պայքարեն, որ ընդդիմադիր երիտասարդ Տիգրան Առաքելյանը օր առաջ ազատություն ստանա: Իսկ Տիգրանը, երբ դուրս գա, պետք է պայքարի, որ ոչ մի ոստիկանի քթից արյուն չգա:

Սեփական խմբի, թայֆայի, սեռի, ցեղի ներկայացուցչին պաշտպանելը հեշտ է: Շատ ավելի դժվար է պաշտպանել պարզապես ՄԱՐԴՈՒՆ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Nem says:

    Այնքան ճշմարիտ է, վերջաբանը և անիրական, որ`բոավո

  2. Albert says:

    Համամիտ եմ և գրում եմ անկեղծ: Ցանկացած կին, որ մայր է դառնում, դա արդեն բավական է, որ արժանանա մեծ ուշադրության և հարգանքի, չհաշված կյանքի մյուս բարդությունները: Երեխան հիմնականում մեծանում է մոր փաղաքշանքներով, անքուն գիշերներով և տանջանքներով: Ինչի՞ց են տեղյակ և ինչո՞վ են զբաղված տղամարդիկ…Թող ինձ ներեն տղամարդիկ, բայց մեծամասամբ էդպես է: Մի տղամարդ էլ ես եմ: Ի՞նչ եմ արել, աշխատելուց դուրս: Հազիվ մահանա ենք ման գալիս, որ դուրս թռնենք նարդի խաղալու: Սա գրում եմ նրա համար, որ այսքանից հետո կանանց մեծամասնությունը ենթարկվում են ճնշումների, բռնությունների և կոպտությունների տղամարդկանց կողմից: Բացառություններ կան կանանց և տղամարդկանց կողմից, բայց դրանք չնչին տոկոս են կազնում: Օգտվելով առիթից ցանկանում եմ իմ և ինձ համակարծիք տղամարդկանց անունից, ներողությոն խնդրել բոլոր այն կանանց, որոնք անարդարացի ենթարկվել են դաժան բռնությունների, հարգանքի ու սիրո փոխարեն: Հումորով և հարգանքով ժպտում եմ այն կանանց, որոնց մոտ ստացվել է գոնե մեկ անգամ ապտակել անարժան տղամարդու…

  3. Galust Yenokyan says:

    Կարծում եմ «Ժողովրդավարության» հիմնական իմաստը, նպատակը յուրաքանչյուր Մարդու, Անհատի իրավունքների պաշտպանությունն է, անկախ նրա որեվե խմբի պատկանելիությունից:
    Ցավոք մեր մեջ երբեմն ավելի խոսում են «ասիացի հայասների» քան «եվրոպացի արմենների» գեները… մենք մայրերի մասին սիրում ենք կենացներ խմել, բայց մոռանում ենք որ մայրը նաեվ Կին է , որ հարգանքի է արժանի հենց միայն դրա համար… եվ ոչ միայն Կանանց Միջազգային օրը…

  4. ani says:

    Հայ տղամարդը որ ոչ մի բռնություն էլ չգործադրի, իր ներքին վերաբերմունքը, պատկերացումները կնոջ վերաբերյալ արդեն վիրավորական են: Սովորաբար չեմ սիրում տարանջատել հայ տղամարդ կամ հայ կին, կինը կին է, տղամարդը տղամարդ: Բայց այս դեպքում տարանջատում եմ, որովհետև բոլոր ազգերի տղամարդիկ չեն, որ այդպես են: Դրսում լավ տղեքի մոտ մուկ դառնալը, իսկ տանը կնոջ մոտ ասլան կտրելը, ցավոք հայ տղամարդկանց է ավելի բնորոշ

  5. Maxim says:

    Մի քիչ թեմայից շեղվում եմ, բայց պետք է խոստովանեմ, որ Արամեյի վերջին երգը մոր մասին, որը
    բոլորովին պատահական մի երկու բառ լսեցի,՝ ինձ ցնցեց մինչև ոտքիս եղունգները: Բայց չհասկացա,
    թե՛ ինչի համար էր այդ ողբը: Ես ավելի կգերադասեմ սիրո մասին վերջին ոռնոցները, որը հնչում է
    ամենուր:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930