Հանս Սիջսը լրագրողների՝ Տաթեւում զբոսաշրջությունը զարգացնելու հեռանկարներին վերաբերող հարցերին տալիս է կարճ ու զգուշավոր պատասխաններ: Պատճառաբանում է, թե միայն երեկ է ժամանել Հայաստան, դեռ չի էլ այցելել Տաթեւ եւ բավարար ժամանակ չի ունեցել ծանոթանալու խնդրին:
Փոխարենն ասում է, որ մարքեթինգի ոլորտում 40 տարվա փորձ ունի:
«Տաթեւի արվեստավորաց թեւ» մշակութային-հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Դերենիկ Եփրեմյանն, ով ծնունդով Տաթեւից է եւ շատ լավ ծանոթ է իր ծննդավայրի խնդիրներին, ասում է.
«Հանրապետությունում բոլոր գյուղական վայրերն էլ շատ խնդիրներ ունեն, բայց քանի որ Տաթեւը նաեւ տուրիստական կենտրոն դառնալու միտում ունի, այստեղ խնդիրները բազմապատկված են: Եթե ուզում ենք Տաթեւում ինչ-որ բան զարգացնել, պետք է սկսենք մշակույթից: Ուզում ենք, որ զբոսաշրջիկների համար լիարժեք մշակութային հանգիստ կազմակերպվի»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով. «Մենք ուզում ենք ցուցահանդես-փառատոն կազմակերպել, որի ընթացքում կցուցադրվեն հայ վարպետների, նկարիչների գործերը, թեկուզ՝ երգիչների կատարումները»:
Ցուցահանդես փառատոնին մասնակցելու համար, բանախոսի բնութագրմամբ՝ շատ բան պետք չէ. «Ցանկացած շնորհալի մարդ, ով ինչ շնորհք ունի, թող գա, ցույց տա»:
Մեր՝ օտարերկրյա զբոսաշրջիկները ի՞նչ են ուզում Հայաստանում տեսնել հարցին, հոլանդացի PR մասնագետ Հանս Սիջսը կրկին կարճ, բայց այս անգամ հստակ պատասխանում է.
«Ուզում են տեսնել ձեր մշակույթը, հին շինությունները, լսեն ձեր երգերը»:
Աշոտ ԱԹԱՅԱՆ