Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը խորհրդարան էր եկել փայտի կտորով

Հունիս 18,2013 13:46

«Վերահսկիչ պալատի հաշվետվությունը քննարկվում է կառավարության կողմից առաջարկված արտահերթ նստաշրջանի շրջանակներում: Սա խոսում է այն մասին, որ կառավարությունը ոչինչ չի թաքցնում»,- այսօր խորհրդարանի արտահերթ նիստում պատգամավորների քննադատություններին ի պատասխան հարկ համարեց հիշեցնել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ըստ Թովմասյանի, Վերահսկիչ պալատը՝ որպես վերահսկիչ գործիք, մեր պետական կառավարման համակարգում խիստ անհրաժեշտություն է, բայց ՎՊ-ն ոչ մի պարագայում չի կարող փոխարինել ոստիկանությանը, դատախազությանը, այլ այդ համակարգի մի մասն է, որը գալիս է այդ համակարգը լրացնելու:

Հրայր Թովմասյանը չի հերքում, որ պետական կառավարման ոլորտում առկա են խնդիրներ, որոնք «չարորակ ուռուցքի պես կարող են վտանգել մեր պետական համակարգը»: Լուծումները, արդարադատութան նախարարի պատկերացմամբ, մտածողության փոփոխության մեջ են. «Մտածողություն, որի պարագայում պետական պաշտոնը հարստանալու ամենակարճ ճանապարհը չէ, մտածողություն, որ սա մեր հայրենիքն է, և յուրաքանչյուրն իր բարգավաճումն ու զարգացումը պետք է կապի երկրի զարգացման ու բարգավաճման հետ»:

ՎՊ-ի բուն զեկույցի մասով էլ Հրայր Թովմասյանը հարցադրում արեց՝ ի՞նչ վիճակում է հայտնվելու Վերահսկիչ պալատը, եթե բացահայտումները չհաստատվեն: Ըստ նրա, ՎՊ-ն պետք է զերծ մնա գնահատականներ տալուց, պետք է միայն արձանագրի բացահայտումները, հակառակ դեպքում ՎՊ-ն խոցելի կլինի, իսկ մեզ խոցելի Վերահսկիչ պալատ պետք չէ:«Գագիկ   Ջհանգիրյանը հայտարարեց, որ Վերահսկիչ պալատի նախագահը ասել է՝ չեն վստահում դատախազությանը: Ես չեմ ուզում հավատալ, որ այդ խոսքերն ասել է ՎՊ նախագահը: Մենք կարող ենք չվստահել գործընկերոջը, բայց մեր ուզել-չուզելով չէ չվստահել պետական մարմնին: Անվստահության մթնոլորտում լուծումներ չեն գտնվում»,- նշեց նախարարը: Թովմասյանի ելույթի վերջում Ջհանգիրյանը դահլիճից ինչ-որ բան էր ասում: ԱԺ նախագահը հորդորում էր նրան`թույլ տալ ավարտել իր խոսքը: Ջհանգիրյանը շարունակում էր հակադարձել Թովմասյանին: Լսելի եղավ միայն այն, որ Ջհանգիրյանը խորհուրդ տվեց Թովմասյանին լավ լսել, թե ի՞նչ է ասում ինքը:

Հրայր Թովմասյանն ԱԺ էր բերել փայտի կտոր և ցուցադրելով այն՝ նշեց, որ սա սովորական փայտ է, որի գինը 230 հազար դրամ է: «Գիտե՞ք այս նույն շինարարը որքանով է գնել սա՝ 1600 դրամով: Չգիտեմ ինչ է եղել, ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է մի բան, որ այդ նույն շինարարը նախահաշվից 15 մլն դրամով պակաս է գնել: Եթե ես կոստյում եմ գնում, ես չպետք է նայեմ, թե այդ կոստյումի կոճակն ինչ արժե, ես գնում եմ այն կստյումը, որն ավելի էժան է»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Նա անդրադարձավ նաև մալուխների գնման գործընթացում արձանագրված չարաշահումներին՝ նշելով. «Անդրադառնամ չարաբաստիկ կաբելին, որի մասին անգամ իմ վարսավիրն էր հարցնում: Ասում են՝ մալուխը 10 անգամ ավելի գնով եք գնել, իրականում մալուխի մրցույթ չի եղել: Եթե ես մալուխ գնեի այդ գնով, այդ մարդու գլուխը պետք է պոկվեր»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930