Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը`Իշխան Զաքարյանի առանձնատան, Սաշիկ Սարգսյանի ունեցվածքի եւ նախագահի դեսպան փեսայի մասին

Հունիս 18,2013 13:40

«Եթե դու տասն անգամ ստուգում ես, ու տասն անգամ գալիս զեկուցում, որ գողանում են, ուրեմն նախևառաջ պետք է զբաղվել քեզանով»,- ՌԴ պետդումայի նախագահի տեղակալ Վլադիմիր Վասիլեւի` ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի եթերով հնչեցրած այս արտահայտությամբ այսօր խորհրդարանում ՎՊ-ի 2012 թվականի հաշվետվության վերաբերյալ իր ելույթը սկսեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ, որ այդ սկզբունքը պետք է կիրառել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ, որը վերջին ինն ամիսների ընթացքում ավարտին է հասցրել իր մի քանի միլիոն դոլարանոց առանձնատան շինարարությունը»,- ասաց Փաշինյանը`շարունակելով. «Ինն ամիսը շատ կարևոր մի ժամանակահատված է, քանի որ ինն ամիս առաջ Իշխան Զաքարյանն ԱԺ-ին զեկուցում էր ուրիշների չարաշահումների մասին, ինն ամիս հետո էլ զեկուցում է ուրիշների չարաշահումների մասին։ Պարոն Զաքարյանի կենսագրությունն ու մի քանի միլիոն դոլարանոց առանձնատուն ունենալու փաստը ստիպում է մտածել կոռուպցիոն ռիսկերի մասին։ Ես զարմանում եմ, թե ինչպես է պարոն Զաքարյանն ԱԺ ամբիոնից խրոխտ կեցվածքով զեկուցում հերոսաբար ուրիշների չարաշահումների մասին։ Այդ չարաշահողներն էլ առանձնատներ են կառուցում պարոն Զաքարյանի նման, և շատ շատերը կերազեն, նույնիսկ չեն էլ կարող երազել նման առանձնատուն ունենալու մասին»։

Իշխան Զաքարյանի առանձնատունն այս քննարկման միակ հետաքրքիր և զարմանալի դրվագը չէ, ըստ Փաշինյանի.«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով քսանամյա պետական պաշտոնավարության ընթացքում, ռուսական և հայկական լրատվամիջոցների համաձայն, դարձել է ՀՀ խոշորագույն սեփականատերերից մեկը, փնտրում, փնտրում և այդպես էլ չի գտնում, թե ովքեր են այն ավազակներն, ովքեր անխնա կերպով թալանում են մեր հայրենիքը։ Վարդան Այվազյանն, ում անունը բնապահպանության նախարար եղած տարիներին կապվել է երրորդ հանրապետության ամենաաղմկոտ կոռուպցիոն սկանդալի հետ, պահանջում է բացահայտել և պատժել բոլոր կոռուպցիոներներին»։

Հերթը հասավ Տիգրան Սարգսյանին եւ նրա ղեկավարած կառավարությանը, որոնց էլ վերաբերվում են ՎՊ-ի բացահայտումները. «Հայտնված լինելով օֆշորային խայտառակ սկանդալի կիզակետում՝ Տիգրան Սարգսյանն առիթը բաց չի թողնում խոսել կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունավետ կառավարման մասին, մինչդեռ հենց իր՝ ԿԲ նախագահ լինելու տարիներին, Հայաստանը զրկվեց ոսկու պաշարներից։ Այս երևույթը, քան իշխանության երկվություն, անվանել չեմ կարող։ Այս իշխանությունը համ կոռումպացված է, համ պայքարում է կոռուպցիայի դեմ, համ ապօրինի է, համ պայքարում է ապօրինության դեմ, համ 2008թ. մարտի մեկին գնդակահարել է ՀՀ քաղաքացիներին, համ շահագրգռված է այդ սպանությունները բացահայտելու գործում, համ ավելացնում է աղքատությունը, համ պայքարում է աղքատության դեմ, համ քաղաքացիներին ստիպում է արտագաղթել, համ պայքարում է արտագաղթի դեմ։

Իշխանությունը հասկացել է, որ ակնհայտ փաստերի ժխտումը կաթիլ առ կաթիլ լցնում է ժողովրդի համբերության բաժակը, և անխուսափելիորեն պայթում՝ որպես քաղաքացիական ընդվզում։ Նրանք գոլորշի են բաց թողնում՝ կոռուպցիայի դեմ պայքարը մտցնելով փակուղի»։

Ապա պատգամավորը հեգնանքով շարունակեց, որ Տիգրան Սարգսյանն ունի անխոցելի մի փաստարկ. «Նա դիմել է դատախազություն, որը կքննի և կպարզի, իսկ թե ինչպես է դատախազությունը քննում, մենք տեսնում ենք մարտի մեկի սպանությունների գործերի հետաքննությամբ, այն դեպքում, երբ մարդասպանների շրջանակը հայտնի է՝ անուն-ազգանունով, բնակության հասցեով, աշխատանքի վայրով»։

ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների անզուսպ ցանկությունը` գտնել, թե երբվանից է Հայաստանում սկսվել թալանը ու ուղղորդումը, որ սկսվել է 90-ականներից, Փաշինյանը չի բանավիճում. «Որովհետև հիշում եմ, թե որտեղ էր 90-ականներին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա ղեկավարում էր կոռուպցիայի դեմ պայքարի առանցքային կառույցները՝ ազգային անվտանգության պետական վարչությունը, ապա՝ ներքին գործերի և ազգային անվտանգության սուպեր նախարարությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը եղավ այն, որ նրա եղբայր Ալեքսանդր Սարգսյանը հասարակ աշխատավորից դարձավ մուլտիմիլիոնատեր։ Պետք խոստովանել, որ չարակամները հերյուրանքներ են տարածում Ալ. Սարգսյանի հասցեին, թե նա իր հարստությունը դիզել է այլոց պատկանող և իրեն դուր եկած բիզնեսների մեջ փայ մտնելով, և հանրությունն, իհարկե, չի հավատում այդ ստոր հերյուրանքներին և հավատում է, որ Սերժ Սարգսյանը պայքարելու է կոռուպցիայի դեմ։ Մնում է կռահել, թե ինչպիսին կլիներ այդ կոռուպցիայի արդյունքներն՝ ինչքանով կավելանար Ալեքսանդր Սարգսյանի և Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի հարստությունը, ով Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամ դառնալուց հետո դարձավ միլիոնատեր՝ բնականաբար միանգամայն օրինական ճանապարհով»։

Փաշինյանին վրդովվեցրել է նաեւ այն, որ ՀՀ-ն պետք է մեկ երկրում ունենա երկու դեսպանատուն: Խոսքը Հռոմի մասին է. «Վատիկանում Հայաստանի դեսպանատունը, որը բացվեց վերջերս, նույնպես գտնվում է Հռոմում։ Կան երկրներ, որտեղ մենք դեսպանատուն չունենք, բայց Հռոմում ունենք երկու դեսպանատուն։ Ինչո՞ւ Իտալիայում ՀՀ դեսպանատունը չէր կարող համակարգել Վատիկանի հետ հարաբերությունները։ Պատասխանը պարզ է և ակնհայտ, այդ դեսպանատունը բացվել է, որ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները Հռոմի պապի հետ լուսանկարվելու և բարձրաշխարհիկ զրույցներ վարելու հնարավորություն ունենան»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    Ամեն ինչ դիպուկ է: Բայց մկների ժողովը կատուների հարց ի զորու չէ լուծելու:

  2. Ramela says:

    Մեր ազգը երբ է վերջապես պրծնելու այս գիշատիչներից: Մնում է բոլորս հեռանանք Հայաստանից, մնան կեխտոտ օլիգարխները, որ վերջում էլ իրար միս ուտեն հարստության չափաբաժինը բարցրացնեն :

  3. Սամվել says:

    Մեր ազգը այլևս դժվար թե ոտի կանգնի: Մենք ցույց տվեցինք, որ պետությունը մեր խելքի բանը չէ: Իզուր չէր, որ կոմունիստների վախտը ներքին գործերի մինիստրն ու երկրորդ քարտուղարը ռուսներ էին: Չարչուն ի՞նչ պետություն վստահես: Իրեք շաբաթից ցրիվ կտա: Ինչն էլ և տեղի ունեցավ: Եվ թող երիցս նզովյալ լինի դեմոկրատիայի ցանկացած տարատեսակը մեր հողի վրա, որը միշտ էլ հղի է լինելու չարչիների բռնապետությամբ:

  4. Ալիկ says:

    Արդեն ուշ է փրկություն համարյա չկա: Նիկոլը շատ դուխով է՛ բայց ափսոս որ հայ մարդը չի գնահարում կամ չի հասկանում իրադրությունը:

  5. Հերմինե says:

    Վարդան Այվազյանի ունեցվածքը Բելգորոդում ու Յարոսլավլում փնտրեք, երբա նցյալ տարի իրբր փէ տուրնե էր անում կարկտահարված արմավիրցիների համար դրամահավաք կազմակերպելու նպատակով, սակայն հասցրեց 3,5 մլն անոց սեփականություններ ձեռք բերել իր զեմլյակ աղալքալակցի ասֆալտչիկների օգնությամբ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930