«Ամեն անգամ ընտրություններից հետո ընդդիմությունը ժողովրդին խաբում է: Եթե գազի սակագնի հարցը ընտրություններից առաջ լիներ, ապա շատերը կմիանային` քաղաքական դիվիդենդներ շահելու համար: Սակայն ընտրություններից հետո քաղաքական մի շարք գործիչներ հրավիրվել էին հանրային լսումների գազի գնի բարձրացման վերաբերյալ, սակայն որեւէ մեկը չեկավ: Արծվիկ Մինասյանը խոստացել էր աջակցել, «Ժառանգությունից» նույնպես հրավիրված էին, բայց որեւէ մեկը չեկավ»,-այսօր «Վարկած» ակումբում այսպիսի կարծիք հայտնեցին «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը եւ բնապահպան Անի Կաղինյանը:
Նրանք հայտարարեցին, որ պատրաստվում են հուլիսի 8-ին կամ 9-ին դատի տալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` գազի գնի սահմանման գործընթացը օրենքին անհամապատասխան իրականացնելու հայցով: Քաղաքացիական ակտիվիստները հայցը ներկայացնելու են Վարչական դատարան: Ըստ Արամ Գրիգորյանի, մի խումբ սպառողներ ունենալով հաշվարկներ գազի սակագնի վերաբերյալ՝ հնարավորություն չեն ունեցել այն ներկայացնելու:
Նրանք հույսը չեն կտրում, որ գազի գնի մասով դեռ կարող են հաջողության հասնել եւ հանրությանը կոչ են անում միանալ եւ կանխել գազի թանկացումը:
Ակտիվիստները նաեւ նշեցին, որ գազի գնի դեմ պայքարի ժամանակ, միակ կուսակցությունը, որն իրենց աջակցել է, եղել է Հայ ազգային կոնգրեսը: Մինչդեռ Անի Կաղինյանը գտնում է, որ հենց կուսակցությունները պետք է միավորվեին եւ կառավարության այդ որոշման դեմ պայքարեին, քանի որ կուսակցություններն ունեն լծակներ, եւ դա նրանց գործն է:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ