Երեւան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Արշակ Ալբերտի Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա խաբեությամբ գումարներ հափշտակելու դիտավորությամբ 2010 թվականի սեպտեմբերից մինչեւ 2011թվականի ապրիլի վերջերն ընկած ժամանակահատվածում ներկայանալով որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակից, չարաշահելով Տավուշի մարզի Իջեւան քաղաքի , Այգեհովիտ, Խաշթառակ, Սեւքար գյուղերի բնակիչներ Միքայել Վանեսյանի, Գարեգին Ահարոնյանի, Ռոզա Գեւորգյանի, Էդգար Հովհաննիսյանի, Սոնյա Աղաջանյանի վստահությունը՝ Ճապոնիայի կառավարության 10-րդ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ ներկրված «Բելառուս» մակնիշի տրակտորներից 4-ը՝ համապատասխան գյուղատնտեսական գործիքների հետ միասին, մրցութային եղանակով վերջիններիս իրացնելու պատրվակով նրանցից խաբեությամբ հափշտակել է գումարներ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ բացի այդ, Արշակ Աբրահամյանը Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի բնակիչ Վարդազար Հովհաննիսյանին ներկայանալով որպես «Էրեբունի ալկո» ընկերության ներկայացուցիչ, շարաշահելով վերջինիս վստահությունը՝ մեծ քանակությամբ ցորեն գնելու եւ վերոհիշյալ ընկերությանն իրացնելու պատրվակով, խաբեությամբ Վ. Հովհաննիսյանից հափշտակել է 3 միլիոն 936 հազար 860 դրամ արժողությամբ 29 տոննա ցորեն:
Ա. Աբրահամյանը կալանավորված է եւ այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նախկինում չդատված Ա. Աբրահամյանին քրեական գործի 5 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Խարդախությունը, որ կատարվել է խոշոր չափերով»), 2 դրվագով՝ 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Խարդախությունը, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով»): Նրան վերջին հոդվածով սպառնում է 4-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
Այս քրեական գործով դատական առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է վաղը` հունիսի 19-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ