ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու նրա որդին անապահովներին աջակցելու կառավարության ծրագրով սուբսիդավորմամբ անցյալ տարի դիզվառելիք են ստացել: Այսօր Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչության ղեկավար Սոնա Ղարիբյանը ներկայացնելով 2012 թվականին Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերին կառավարության՝ մատչելի դիզվառելիք եւ ազոտական պարարտանյութ տրամադրման ծրագրի ուսումնասիրության տվյալները, նշեց, որ Արարատի մարզում ամենաշատ խախտումներն ու չարաշահումներ են արձանագրվել: Տիկին Ղարիբյանի ներկայացմամբ` Հովիկ Աբրահամյանի հայրենի Մխչյան գյուղում 15 ընտանիք ստացել է 70 հազար լիտրից ավելի դիզվառելիք, իսկ այդ ցուցակում առկա են եղել նաեւ Հենրիկ Աբրահամյան եւ Հովհաննես Աբրահամյան անուն ազգանունները. «Պարոն Աբրահամյանի եղբայրը կարող էր ստանալ, քանի որ նրանք այդ համայնքի բնակիչ էին համարվում: Ուղղակի ասեմ, որ կոռեկտության աստիճանից ելնելով, անհարմար է լրացուցիչ հարցում անել մարդկանց, մտածելով, որ իրենք իրոք ստացել են»:
Մանրամասն` տեսանյութում
Ըստ տիկին Ղարիբյանի, դիզվառելիքի եւ ազոտական պարարտանյութի բաշխման ծրագրով Արարատի մարզում 83 միլիոն դրամի վնաս է հասցվել պետությանը: Ուսումնասիրված 26 համայնքների մեծ մասում պակաս դիզվառելիք են հատկացրել, քան նշված է եղել ցուցակներում. Կամ էլ` գյուղացիների անունները գրված են եղել, բայց չեն ստացել:
Արարատի մարզպետի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ տեսչության պետն ասաց, որ ցուցակներով գումարները հաստատվում են մարզպետի միջոցով:
Կարդացեք նաև
Ըստ ուսումնասիրության, Շիրակում պարարտանյութի համար գյուղացիները 1 պարկի դիմաց 100-500 դրամ են վճարել, ինչն ուղղակի արգելված է, Գեղարքունիքում ցուցակներում հայտնաբերվել են անձինք, ովքեր տվյալ համայնքների բնակիչներ չեն եղել:
Աոռղջապահության ոլորտի բացահայտումներից էլ տեսչության պետը նշեց, 500 միլիոն դրամ պետբյուջեից հատկացվել է բոլոր հիվանդանոցներին՝ սնունդ ձեռք բերելու համար,սակայն բացի 2 հիվանդանոցներից՝ մնացած բոլորը գումարը ստացել են, սակայն հիվանդներին սնունդով չեն ապահովել. Այս գումարները այլ ծախսերի համար են օգտագործել:
Տիկին Ղարիբյանը նշեց, որ բուժհիմնարկների հետ կնքվող պայմանագրերում խստացվել են պատասխանատվության ենթարկելու պայմանները: Տիկին Ղարիբյանի խոսքերով` «Այսպիսով տարիներ շարունակ ավել պլանավորված 1 միլիարդ դրամի չհիմնավորված ծախսերը այսուհետ չեն ֆինանսավորվի եւ կուղղվեն առողջապահության ոլորտի այլ ֆինանսավորմանը»:
Ֆինանսական վերահսկողության տեսչության ղեկավարի ներկայացմամբ, քաղաքաշինության ոլորտում 51 միլիոն դրամ վերականգնվել է պետբյուջե, 2 գործ ուղարկվել է դատախազություն, 4 անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ