«Ես իրավունք չունեմ տեսնելու, թե ոնց են ծախսվում էդ փողերը, բայց ես հասարակ գյուղացիներին շատ եմ հարցրել, թե այդքան ծրագրերից որեւէ բան ստացե՞լ են, եւ ոչ մեկը ոչ մի ծրագրից տեղյակ չէր: Դա է փաստը: Եվ երբ նայում ես, թե ովքեր են ստացել այդ գումարները՝ միշտ նույն մարդիկ են: Առաջացել է կալվածատեր ֆեոդալների մի փոքր մաս եւ աղքատ գյուղացիների հսկա բանակ»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի սրահում ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը՝ անդրադառնալով պետական բյուջեում տեղ գտած բազմաթիվ վարկային եւ դրամաշնորհային ծրագրերին, որոնք ուղղված են գյուղատնտեսության զարգացմանը:
«Գյուղնախարարությունը ծրագրեր է անում եւ ոչ մի հանրային քննարկում չի իրականացնում: Ցույց են տալիս, իբր քաղաքացիական հասարակության հետ հաշվի են նստում, բայց իրականում մի քանի գրպանային հասարակական կազմակերպություններ ունեն, դրանց հետ են քննարկում, էն էլ պարզ չի՝ քննարկում են, թե չէ»,- ասաց պարոն Սեդրակյանը՝ թվարկելով բազմաթիվ ծրագրեր, որոնց միջոցով եկած գումարները ծախսվել են մասամբ, եւ պարզ չէ, թե ինչ են եղել մնացածը՝ փոշիացվե՞լ է, թե՞ գրպանվել:
Անդրադառնալով նման ծրագրերից մեկով Հայաստան ներկրված հակակարկտային կայաններին, պարոն Սեդրակյանն ասաց, որ դրանք էժան «խաղալիքներ էին», եւ բավականին ոչ էֆեկտիվ: Այդուհանդերձ, դրանք էլ են բաշխվել կամայականորեն.« Մի հատ նայեք, թե ո՞նց են բաշխվել, որտե՞ղ են դրել: Օլիգարխները դրել են իրենց հողում, եւ ամպերին կրակում են, թեքվում են, գնում աղքատ գյուղացիների բերքն է վնասվում»:
«Առավոտի» հարցին՝ գուցե այդ դեպքում նպատակահարմար է այգիների «ցանցապատման» եղանակը, որի մասին խոսվում է վերջերս: Պարոն Սեդրակյանը չհամաձայնեց. «Դա չափից դուրս թանկ հաճույք է: Դա երազանքների բնույթից է: Եթե անեն էլ՝ էլի մի օլիգարխի համար կանեն, հո չե՞ն տանի մի աղքատի տարածքը ցանցապատեն»:
Կարդացեք նաև
Պարոն Սեդրակյանը նաեւ կոչ արեց՝ հավաքվել իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն, բոլորով, եւ ինչ-որ ելքեր մտածել, ճանապարհներ գտնել արտագաղթի դեմն առնելու համար. «Գյուղերը դատարկվում են, Հայաստանը դատարկվում է, սկսվել է խոշոր գյուղատնտեսական արտագաղթ, գյուղացին թողնում է իր հողը ու գնում ռուսաստաններ… Այնինչ իշխանությունների եւ ընդդիմության կողմից համատարած անտարբերություն է: Հայաստանին անապատացման վտանգն է սպառնում, հողերը դեգրադացվում են, անասունների մեջ հիվանդություններ են տարածված, շատ հաճախ՝ թաքնված հիվանդություններ: Սխալ ագրարային քաղաքականություն է տարվում…»: Այս ամենից դուրս գալու ելքերից մեկը պարոն Սեդրակյանը համարում է նաեւ կոոպերատիվ տնտեսությունների հիմնումը, սակայն՝ լուրջ զարգացման ծրագրերով:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ