Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավոր Ալիկ Պետրոսյանը, ըստ Սեդրակյանի, ավելի է մտահոգված տուժված գյուղացիների խնդիրներով, քան գյուղնախարարը

Հունիս 18,2013 12:30

«Արմավիրում աղետն եղավ, գյուղնախարարը եկել էր Արմավիր, գյուղացիները ասում էին՝ հոպար, էս եղավ, հոպար, էն եղավ: Չէին ճանաչում դեմքով, որ դա նախարարն է: Այնինչ ինքը այդ օրերին պետք է առավոտից իրիկուն տեղում լիներ, գյուղացիների հետ լիներ»,- այսօր «Նոյյան տապան» մամուլի սրահում գյուղացիների եւ գյուղատնտեսության խնդիրներին անդրադառնալով, ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:

Պատգամավոր Ալիկ Պետրոսյանը, ըստ Սեդրակյանի, ավելի է մտահոգված տուժված գյուղացիների խնդիրներով, քան գյուղնախարարը: Խոսքը Արմավիրի մարզի պատգամավորի նախաձեռնած դրամահավաքի մասին էր՝ Արմավիրի կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու նպատակով: Այդուհանդերձ, պարոն Սեդրակյանը համարում է, որ նման դրամահավաքները չպիտի լինեն գյուղացուն օգնելու ճանապարհը. «Պետությունը պետք է օգտակար լինի, պետությունը պետք է լուրջ ծրագրեր մշակի, եւ ոչ թե տարբեր մարդիկ այստեղից-այնտեղից փող հավաքեն եւ տան գյուղացուն»:

Պարոն Սեդրակյանը պնդում էր, որ այն պահից, ինչ հողի սեփականաշնորհումը տեղի ունեցավ, պետությունը ձեռքերը լվաց եւ այլեւս որեւէ ձեւով չի կանգնում գյուղացու կողքին: «Մենք սակավահող երկիր ենք, վարելահողերի 70%-ը դեգրադացվել է, բանի պիտանի չի, մնացածն էլ ոչ լիարժեք ձեւով են մշակվում: Աղակալվում են, անապատացվում են մեր հողերը»:

Ըստ պարոն Սեդրակյանի՝ եղած վարելահողներն էլ ճիշտ չեն վարվում՝ 14սմ-ից պակաս խորությամբ են վարում, ինչը նույնպես հողը փչացնում է: «Առավոտի» հարցին՝ դա էլ հո՞ նախարարության մեղքը չէ, գյուղացին ինքն է սխալ վարում հողը, պարոն Սեդրակյանը բացատրեց, որ խնդիրը վառելանյութի մեջ է: Խորը վարելու համար շատ վառելանյութ է հարկավոր, ինչը բավականին թանկ հաճույք է:

Ի դեպ, պարոն Սեդրակյանի տվյալներով՝ կառավարության ծրագրով գյուղացիներին օգնության համար 350 դրամով բաժանվող դիզվառելիքը, բացի այն, որ բազմաթիվ օրինախախտումներով է բաշխվել, շատերը «կերել են» այդ վառելիքը, դեռ մի բան էլ այնքան անորակ է, որ որոշ գյուղերում հրաժարվել են դրանից, քանի որ փչացնում է իրենց տրակտորները:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930