Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցեր, որոնք կասկածի տակ են դնում «Նախախորհրդարանի» ապագան

Հունիս 18,2013 12:21

Մեզ անհասկանալի մի քանի հարց կա, որ կասկածի տակ է դնում «Նախախորհրդարանի» ապագան: Կազմակերպության անդամները վերջին հանրահավաքում, ապա եւ Արաբկիր համայնքում կազմակերպված երթի ժամանակ հայտարարեցին, որ իրենց նպատակը ժողովրդական դիմադրության ձեւավորումն է: Ասել կուզի` քաղաքացիական անհնազանդության:
Բացի դրանից, տարբեր մարզերում էլ արդեն 18 օժանդակ խումբ է ձեւավորված, որոնք աշխատում են հանրության հետ: Նմանատիպ աշխատանքներ են կատարվում նաեւ Սփյուռքում:
«Նախախորհրդարանն» իրեն կուսակցություն չի համարում, քանի որ, ըստ նրա անդամներից մեկի, որ Հայաստանում դասական իմաստով կուսակցություններ չկան, հետեւաբար չկա նաեւ դասական իմաստով ընդդիմություն: Վերջիններիս միակ նպատակը, ըստ կազմակերպության, հնարավորին չափ թանկ գնով վաճառվելն է:
Ընդունենք: Բայց «Նախախորհրդարանի» ցայսօր ծավալած գործունեությունն ինչո՞վ է տարբերվում, ասենք, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` ոչ վաղ անցյալի ներքաղաքական դեգերումներից: Ասվում են գրեթե նույն բաները, որոնք ընդհանուր առմամբ հանգում են «Ժառանգության» հայտարարին` իշխանությունը ժողովրդին:
Մեզանում գոյություն ունեցող անարդարությունների, անօրինականության դրսեւորումների, Փակ շուկայի տիրոջ ապօրինությունների, ճարտարապետական այլանդակությունների մասին այսօր կարող է խոսել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, բայց առ այսօր չի նշմարվում դրանց կանխարգելման մեխանիզմը:
«Նախախորհրդարանը» նախապատրաստում է հանրության հետ հարաբերությունների, իմա` նրա աջակցությունն ստանալու մի միջոց` պայմանագրեր կնքելու տեսքով: Քաղաքացու անձնագրի պատճենն էլ կցվելու է պայմանագրին: Բայց սրա արդյունավետությունը երաշխավորվա՞ծ է: Անձնագրային նույն տվյալներով էլ ստորագրահավաք էին կազմակերպել Ր.Հովհաննիսյանի ներկայացուցիչները. բան ստացվե՞ց:
Իսկ եթե սրան գումարենք այն, որ կազմակերպության անունից ելույթ են ունենում նաեւ քաղաքական եւ ազգային արժեհամակարգի առումով կասկածելի նկարագիր ունեցող անձինք, ապա սկսվող գործը մեզ թվում է անհեռանկար:
Փաստորեն ընդդիմադիր կուսակցությունների գոյությունը չճանաչելու պարագայում որդեգրվել է այդ նույն կուսակցությունների գործելաոճը: Խոսվում է իշխանության ուզուրպացման մասին, մի կուսակցության միահեծան իշխանության դեմն առնելու մասին, բայց ընդդիմադիր ուժերից ո՞ր մեկը նույնը չի ասում: Եվ ո՞րն է երաշխիքը, որ մարդիկ գնալու են հատկապես «Նախախորհրդարանի» հետեւից եւ ոչ, ասենք, ՀԱԿԿ-ի:
Մարդիկ ոչ մեկի հետեւից էլ չեն գնալու, որովհետեւ արդեն քանի տարի` հոգնել են խաբվելուց: Տեւական մի ժամանակ եկան հրապարակ, ոգեւորվեցին, գնացին տուն, հաջորդ օրը չհասկացան, թե ինչ որոշվեց հրապարակում, էլ չեկան:
Այո, ինչ-որ բան անել անհրաժեշտ է հասարակությանը հետընտրական քաղաքական թմբիրից հանելու համար, բայց սակավամարդ երթերով ու նույնքան «տարողունակ» հանրահավաքներով բան չի փոխվելու: Ընդգրկուն հաղթանակը ստեղծվում է «լոկալ» հաղթանակների համարդյունքում:

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930