Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Մովսիսյան. «Սևանա լիճն այսօր արդեն մեռնող չէ, վերակենդանանում է» (Տեսանյութ)

Հունիս 18,2013 12:10

«Վերջին տասը տարիների ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3 մետր 78 սմ-ով, այժմ մակարդակը 1900 մետր 57 սմ է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նա նշեց, որ այս տարի 130 միլիոն խորանարդ մետր ջուր կլցվի Սևան, իսկ շուրջ 170 միլիոն խորանարդ էլ բաց կթողնվի:

Նա խոսեց նաև Արփա-Սևան ջրատար թունելի վերանորոգման աշխատանքների մասին ու մանրամասնեց. «Թունելը փակել, վերանորոգել ու հետո գործարկել, հնարավոր չէր լինի: Այժմ մենք ջրառատ ամիսներին ջուր ենք տեղափոխում, ջրասակավ ամիսներին կատարվում են թունելի վերականգնողական աշխատանքները»:

Վ. Մովսիսյանը նշեց, որ ինչքան էլ ուզենք բարձրացնել Սևանի մակարդակը, եթե չենք ապահովում մաքրությունը, մնացած միջոցառումները դառնում են Սիզիփոսի աշխատանք: Նա հավելեց. «Այս պատճառով էլ օրակարգից հանվեց, որ Արարատի ոսկու գործարանը Սոթք չի տեղափոխվելու և վերականգնելու են գործարանում, որ թափոններից Սևանը պաշտպանեն»:

Վ. Մովսիսյանը խոսեց նաև Սևանի ափամերձ տարածքներում իրականացվող միջոցառումների մասին ու տեղեկացրեց, որ լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ են լինելու շուրջ չորս հազար շինություններ, տեղափոխվել է նաև Լճաշենի հատվածի ճանապարհը: Պարոն Մովսիսյանին մտահոգում են տնտեսական գործունեության արդյունքում առաջացած աղբի մաքրման աշխատանքները, կեղտաջրերի մաքրումը, աղբավայրերի խնդիրը: Այս առումով նա կարևորեց շարժական կոմպակտ կայաններ տեղադրելու հարցը:

Մյուս հիմնախնդիրը ձկնային պաշարների կտրուկ անկումն է: Հանձնաժողովն առաջարկում է երեք տարով արգելել արդյունագործական ձկնորսությունը: Այս առիթով Վ. Մովսիսյանն ասաց. «Քանի դեռ մենք չենք կարգավորել ձկան անօրինական որսի իրականացումը, խնդիրը միշտ կլինի»:

Այնուհետև նշեց, որ այդ խնդրի լուծման համար աշխատանքներ են տարվում ձկնատեսակների՝ արհեստական վերարտադրման ուղղությամբ, գործողության մեջ է դրվել ցանցավանդակային ճանապարհով արհեստական վերարտադրություն կազմակերպելու պիլոտային ծրագիր:

Պարոն Մովսիսյանը նաև անդրադարձավ Սևանա լճի ջրի՝ խմելու ջուր լինելու մասին պնդումներին. «Ասում են՝ Սևանի ջուրը խմելու ջուր է: Սևանում խմելու ջուր գոյություն չունի, այնտեղ կա քաղցրահամ ջուր»:

Ամփոփելով պարոն Մովսիսյանն ասաց. «Սևանա լիճն այսօր գտնվում է մեզոտրոֆ վիճակում, այսինքն՝ արդեն մեռնող չէ, վերակենդանանում է»:

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930