Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի հարցազրույցից;
– Ընդդիմության ներկայացուցիչներն այն կարծիքին են, թե ընդդիմադիր դաշտն էլ եք սեփականաշնորհում։ Այդպե՞ս է։
– Հիմար մեղադրանք է։ Ինչի՞ համար է ԱԺ-ն, եթե յուրաքանչյուր պատգամավոր չպետք է քննարկի, քննադատի որևէ նախագիծ, այդ թվում՝ ՎՊ-ի հաշվետվությունը։ Ի՞նչ է, ընդդիմությունը կարծում է, որ մենք թերություններ տեսնելու մենաշնորհը տվել ենք իրե՞նց։ Մենք իրենցից ավելի լավ ենք տեսնում, դրա համար էլ ժողովուրդը մեզ է վստահել այդ թերությունները վերացնելու առաջնայնությունը։
– Ասել է՝ «շոուի» տարրեր չկա՞ն։
Կարդացեք նաև
– Էդ իրենց մոտ է շոու, որովհետև մինչև հիմա որևէ բան բարելավելու նշաններ չեմ տեսել։ Ընդամենը՝ մշտական քննադատություն և ոչ մի կառուցողական առաջարկ։ Բացի պոպուլիզմից, այլ բան չկա, ասենք՝ աշխատավարձն ավելացնենք 72 հազար դրամով։ Այ, սա է շոուն։
– Դաշնակցական Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Միայն խոստովանությունը չէ, այն անհրաժեշտ առաջին քայլն է, բայց դրանից հետո գալիս է ապաշխարությունը։ Բա դա ո՞վ պիտի անի»։ Փաստորեն, ՀՅԴ–ն ՀՀԿ–ին ապաշխարելու կոչ է անում։
– Իբր Ռուստամյանը հանցագործությունը բացահայտել է, մենք մեղա ենք եկել, հիմա էլ պիտի ապաշխարենք։ Հանցագործություն բացահայտողը, ի ցավ Ռուստամյանի, ինքը չէ, դա իրավապահ մարմինների գործն է։ Դատարանն է որոշում՝ մարդը հանցագո՞րծ է, թե՞ ոչ։ Երբ հանցագործը կհայտնաբերվի, կպատժվի, այդ ժամանակ բարոյական կլինի նրանից ապաշխարություն պահանջելը։ Բայց Ռուստամյանի մեղադրանքը որևէ հիմք չունի։
– Այնինչ, անգամ ՀՀԿ–ում համոզված են, որ բյուջեն «լափում են»։ ԱԺ խոսնակը բացահայտ հայտարարեց, որ «գործ ունենք թալանչիների հետ»։ Դուք համակարծիք չե՞ք։
– Որ այսօր կա կոռումպացված հատուկ համակարգ, որ թալանում, լափում է, այդպես չէ։ Ուղղակի կան մարդիկ, ովքեր կարողանում են ջուրը պղտորել ու ձուկ որսալ (օրինակ, ես ստանդարտների բացակայությունից խոսեցի դահլիճում): Իհարկե, կան նաև հանցագործներ։ Բայց կա նաև օրենսդրական բաց։ Օրենքն օրինապաշտ մարդկանց համար է, հանցագործի համար այդքան էլ նշանակություն չունի՝ օրենք կա՞, թե՞ ոչ։ Մենք չենք այդ հանցագործներին հայտնաբերելու իրավասուները, դա լուրջ փորձաքննություն, հետաքննություն է պահանջում, որից հետո դատարանը կորոշի՝ հանցագո՞րծ է, թե՞ ոչ։ Ողջ իշխանությանն ուղղված մերկապարանոց մեղադրանքները ծիծաղելի են, որևէ տրամաբանության չեն ենթարկվում։
– Խոսքը մեծ չարաշահումների, բյուջեի յուրացումների մասին է, և հասարակությունն էլ արդարացիորեն պահանջում է հասցեական մոտեցում, այսինքն, անունների հրապարակում։
– Պատասխանատվության կանչողը ո՛չ Ռուստամյանն է, ո՛չ էլ ես, իրավապահ մարմինների գործն է։ Կարելի է կառավարությանը մեղադրել, որ այս կամ այն հարցով չի դիմել դատախազությանը, քննչական վարչություն։ Քաղաքական մեղադրանքները, առանց փորձագիտական եզրակացության, անհեթեթ են։ Ամեն ինչ կարելի է հնչեցնել, բայց պետք է հետամուտ լինել, ստուգել։
– Բայց փաստեր են հրապարակվում։
– Ռուստամյանի կամ իմ կողմից հրապարակվածը փաստ չէ։
– ՎՊ–ի նախագահի բացահայտումնե՞րն էլ։
– Դրանք էլ փաստ չեն։ Փաստն այն է, որ դրանք քննության են ենթարկվում՝ ըստ Սահմանադրության։ Միայն դատարանն է որոշում՝ գո՞ղ ես, թե՞ չէ:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում