Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչինչ չի կատարվում

Հունիս 18,2013 11:50

Փաստորեն ամառն սկսվեց, մինչդեռ քաղաքական դաշտի ընդդիմադիր դերակատարները արդեն աշնանը պետք է վերադառնան կամ նոր գաղափարներով ու նորոգված, կամ խոստովանեն, որ գործընթացներից դուրս են մնում վերջնականապես եւ դաշտը հանձնեն բոլորովին այլ մարդկանց (Նախախորհրդարանի եւ նրա շուրջը տեղի ունեցողն այս բոլորից դուրս դեռեւս չենք դնում): Քանի որ մինչեւ այժմ տեղի ունցածը եւ վերջին երեք մեծ ընտրությունների մեսիջն այն է ընդդիմությանը, որ այս տեսքով եւ այս բովանդակությամբ նա այլեւս հասարակությանը պետք չէ, ու առանց հասարակության` ընդդիմությունը վերածվում է էլիտար ակումբի: Իսկ հասարակությունը ներամփոփվեց իր մեջ, խռովեց, կարելի է ասել: Նրա մի մասը մասնավորապես, քանի որ այդ` դժգոհ մասին տեր կանգնող չեղավ, թեեւ ինքը ձայն տվել եւ այդպիսով տեր էր կանգնել ընդդիմությանը հենց թեկուզ նախագահական ընտրություններին, համենայն դեպս` նրա մի հատվածին, որը չկարողացավ ընդհանրացնել այդ ռեսուրսը:

Ճիշտն ասած` մեծ փոփոխությունների առաջ ողջ քաղաքական դաշտն է կանգնած` ընդդիմություն եւ իշխանություն, քանզի այս տեսքով ոչ իշխանական քաղաքական ուժերն են պետք մեր հանրությանը, ոչ ընդդիմադիրները: Համենայն դեպս` հանրության խռոված մասի կողքին այժմ ձեւավորվում է հանրության բանիմաց եւ ակտիվ մի այլ, նոր ու ավելի համարձակ, քաղաքացիական իրավունքների համար պայքարի ելած շերտ, որը փոփոխությունների նոր պահանջներ է ձեւավորում, մատնացույց անում փոխվող ժամանակների թելադրանքը, իսկ դա շրջանցել չի լինի (Լիցկայի վերաբերյալ հանրության արձագանքն ու Պռոշյանում վերջին օրերին կատարվողը դրա արդյունքը կարելի համարել): Ընդդիմադիրները, ճիշտ է, նոկաուտի մեջ են, բայց որքան էլ տարօրինակ` ընդդիմության վիճակն ավելի լավ է ամառումից առաջ, քան իշխանությանը: Այն պարզ պատճառով, որ իշխանությունը իրացնելուն տրված` իշխանական ուժերը հազիվ թե կարողանան ժամանակ գտնել նորանալու, ժամանակի պահանջին ու հրամայակին ականջալուր լինելու:

Մինչդեռ ընդդիմությունը պարապ է ու այլ անելիք չունի` բացի նրանից, որ պետք է հավաքի իր փշուրները, որոշ ժամանակ լռի եւ ամառն օգտագործելով` մտածի նորանալու մասին: Քանզի մտածել կարող ես` երբ լռում ես, ընդդիմության միավորների համար էլ ամառվա ընձեռած լռելու հնարավորությունը ոսկի է: Իսկ ընդհանրապես` երբ տեւաբար լռեն, կհասկանան` ինչ, ինչից եւ ինչպես խոսեն: Հակառակ դեպքում հարկ կլինի ընդհանրապես լռել:

Բոլոր դեպքերումՙ վերջին երկու-երեք ամիսները ցույց տվեցին, որ ընդդիմության տարբեր միավորները չեն հասնում հասարակության ակտիվ շերտերի հետեւից (գաղափարների առումով), եւ ոչ թե ընդհակառակն է, ինչպես որ պետք է լիներ:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930