Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Թոխյանի որդին՝ կատարված գողության մասին

Հունիս 18,2013 11:01

Դավիթաշենի նրանց պատկանող բնակարան մեր այցի պահին փականագործները Թոխյանների բնակարանի փականին մեկն էլ էին ավելացնում։ Մեր հարցին, թե ինչ եւ ինչպես է կատարվել, Պապին Թոխյանը պատասխանեց. «Օրը ցերեկով մտել են, փականը ջարդել ու գողություն կատարել»։

ՍԴ անդամի որդին ասաց, որ ամեն ինչ տեղի է ունեցել աշխատանքային օրը, աշխատանքային ժամին, երբ տանը ոչ ոք չկար։ «Այս բնակարանում ծնողներս են ապրում, ովքեր այդ ժամանակ աշխատավայրում են եղել»,- ասաց Պապին Թոխյանը, ով այլ հասցեում է բնակվում։

Գողոնի չափի վերաբերյալ մեր ճշտող հարցին ի պատասխան, Թոխյան-կրտսերն ասաց, որ պաշտոնական հաղորդագրության մեջ գումարի չափ նշված չէ. «Պաշտոնական դեռ մենք էլ չգիտենք։ Չափը դեռ ճշտում ենք։ Թե ոսկեղենը գումարով իրականում որքան է՝ կոնկրետ չգիտենք։ Մոտավորապես ենք հաշվարկել»։

Մամուլում տեղեկություններ կան, որ Ֆելիքս Թոխյանը վարկ էր վերցրել, եւ այն նույնպես գողերի բաժին էր դարձել։ Պապինը այս լուրը չհաստատեց։ Սակայն նշեց, որ նաեւ գողացել են հոր՝ տարբեր առիթներով պետական մարմիններից ստացած հուշանվերները՝ ձեռքի ժամացույց, գրիչներ եւ «պապենական ոսկեղենը»։

Ֆելիքս Թոխյանը, ըստ որդու, բիզնես չունի եւ զբաղված է միայն դասախոսությամբ ու ՍԴ-ում դատավորի աշխատանքով:

Դուք այդ թաղամասում ունեւո՞ր հարեւանի համբավ ունեք, նախանձողներ կայի՞ն՝ մեր այս հարցին պատասխանեց. «Չէ, չէ։ Հայրս դրական մարդ է, առանձնապես մեծ փողեր էլ չենք ունեցել, որ տարել են։ Իմ բնակարանը նոր սկսել էի վերանորոգել, իմ մի փոքր ոսկեղենն էլ էր էստեղ, դա էլ են տարել: Եթե ասենք մեծ գումար են տարել, դա սուտ ա։ Պապան հարուստ մարդ չի»։ Որպես իր ասածների ապացույց, Պապինը ցույց տվեց բնակարանի դուռը, որի վրա մինչեւ գողության օրը նույնիսկ երկրորդ փական չէին դրել։ Անվտանգության համակարգերից նույնպես չեն օգտվել։ Պապին Թոխյանը հավաստիացրեց, որ ոստիկանությանը կասկածյալների ցուցակ չեն ներկայացրել, քանի որ որեւէ մեկին չեն կասկածում։ Սպասում են ոստիկանության բացահայտմանը։

Ֆելիքս Թոխյանի բնակարանի գողության մասին ամբողջ բակն է տեղյակ։ Չնայած որոշ հարեւաններ խուսափեցին մեզ հետ այդ թեմայով խոսել, պատճառաբանելով, թե նույնիսկ ՍԴ անդամին չեն ճանաչում։ Մյուսներն էլ պնդեցին, որ Թոխյաններն իրենց ունեցվածքով աչք չեն ծակել, ցուցամոլություն չեն արել։ «Թոխյանի կինը եւ հարսը մարշրուտկայով են երթեւեկում։ Նույնիսկ տղաներին որ ամուսնացրեց, ոչ մեկս խաբար չէր։ Միայն ինքն է ծառայողական մեքենայով աշխատանքի գնում։ Տղան էլ մեքենա ունի, բայց իրենց հետ չի ապրում։ Մենք Թոխյանին ավելի շատ որպես դասախոս գիտենք»,- ասաց հարեւաններից մեկը։ Մեկը նրանց բնութագրեց որպես «ազիզ մարդիկ», իսկ թաղի երիտասարդներից մեկն էլ ավելի պատկերավոր լինելու համար ասաց. «Եթե Թոխյանենք հարուստ են, ուրեմն մինչեւ իրենց տունը թալանելը վաղուց պետք է մի քանի ուրիշ տուն էլ թալանեին»։

Մեկ բան հստակ է. գողերը ոչ միայն իմացել են, թե ում տուն են մտնում, այլեւ՝ թե կոնկրետ որտեղ է Թոխյանների ունեցվածքը։ Որովհետեւ, ըստ հարեւանների, նրանք կոնկրետ երկու սենյակ են մտել, որտեղ էլ պահված են եղել փողն ու ոսկեղենը։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930