Հատված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Աբրահամյան, խոսե՞լ եք Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, ի վերջո, ի՞նչն է եղել այդ դաժան սպանության պատճառը, և ի՞նչը հասցրեց այդ մարդկանց Ս. Խաչատրյանի տուն:
-Նախ առիթն է հարկավոր ճշտել: Ես չեմ տեսել, չեմ հարցրել, չգիտեմ, քանի որ գործը հիմա քննվում է, թող քննվի, կիմանանք: Բայց ես մի բան եմ ուզում ասել, անկախ նրանից՝ ով ուզում է լինի, չի կարելի գնալ տան, երեխաների, կնոջ վրա: Յուրաքանչյուր դեպք դատապարտում եմ և գտնում, որ պետք է իրավապահ մարմիններն անկաշկանդ, ազնվորեն, թափանցիկ քննություն կատարեն և մեղավորներին պատժեն, անկախ նրանից` կլինի Սուրիկ Խաչատրյան, Հովիկ Աբրահամյան կամ որևէ մեկը: Ես համոզված եմ, որ արդար քննություն կկատարվի:
–Բայց Ս. Խաչատրյանը հայտարարել է, որ ինքն ամեն ինչ անելու է՝ իր որդին ազատ արձակվի, որովհետև նա ընդամենը պաշտպանվել է:
Կարդացեք նաև
-Բացառում եմ, որ Ս. Խաչատրյանը կարող է ճնշում գործադրել իրավապահների վրա:
–Ինչո՞ւ: Խաչատրյանն ու անպատժելիությունը վերջին տարիներին հոմանիշներ են դարձել:
-Վատ բան է: Քննադատում եմ յուրաքանչյուր անպատժելիություն: Չի կարելի: Պետք է յուրաքանչյուր դեպքի տալ գնահատական: Իսկ պաշտոնյայի հանդեպ պետք է ավելի ուշադիր լինել:
–Այս առումով Դուք էլ չեք փայլում: Ձեր որդին ու եղբորորդին էլ կրակեցին, մեքենաներ վառեցին Արտաշատում. Գազի Հովոյի հայտնի պատմությունը:
-Ո՞նց, չպատժվեցի՞ն:
–Ձեր կողմը չպատժվեց:
-Իմ եղբորորդու վրա էին կրակել:
–Այսինքն` էլի տուժողը դուք էիք:
-Դա փաստ է:
–Ձերոնք վառել էին նրանց մեքենաները:
-Ճիշտ է: Հատուցել են: Եվ մի հոգի էլ՝ հենց վառողը, նստել էր վեց ամիս: Դրանց տղաներն էլ են նստել:
–Հիմա ի՞նչ հարաբերությունների մեջ եք Գազի Հովոյի հետ:
-Շատ նորմալ: Ճիշտն ասած, իրենք էին այդ սխալը թույլ տվել, իրենք էին կրակել: Բայց Ձեզ ասեմ, որ դա իմ որդու հետ կապված չի եղել, ճշտեք: Դա եղել է իմ եղբորորդու հետ: Թու, թու, թու, գոնե իմ որդու հետ նման որևէ դեպք դեռ չի արձանագրվել, և Աստված տա` չարձանագրվի:
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում