Լրահոս
Օրվա լրահոսը

Կայքերը վերածվում են «Ֆեյսբուքի» հավելվածների

Հունիս 18,2013 10:40

Ֆլանն իր «Ֆեյսբուքում» գրել է՝ ֆըստ, փլանն իր փեյսբուքում գրել է՝ փըստ։ Մի մարդ էլ, իր տանը նստած, էս բաներով սայթ է աշխատացնում։ Սայթի անունը՝ քաղաքական։ Որտեղի՞ց ծնվեց լրագրության այս տեսակը։ Բայց սա արդյոք լրագրությո՞ւն է։ Ազգի կեսը ֆեյսբուքյան էջ ունի։ Ազգի կեսը ոմանց շնորհիվ լրագրող է դարձել։ Որ կայքը բացում ես՝ ֆեյսբուքյան հեղինակներն են, նրանց նկարները, նրանց մտքի գոհարները։ Կայքերը վերածվում են «Ֆեյսբուքի» հավելվածների։

Դրա մի հետեւանքն էլ այն է, որ քաղաքական գործիչներն են աստիճանաբար վերածվում ֆեյսբուքյան գործիչների։ Չես հասկանում արդեն՝ տվյալ գործչի այս կամ այն հայտարարությունը «Ֆեյսբուքում» տժժալո՞ւ համար է, թե՞ թերթում գրելու համար։

Ով ասում է, որ «Ֆեյսբուքը» նպաստում է հասարակական կարծիքի ձեւավորմանը, չարաչար սխալվում է։ «Ֆեյսբուքը», առնվազն հայաստանյան տիրույթում, նպաստում է, որ հասարակական կարծիք չձեւավորվի, որ հասարակության համախմբում տեղի չունենա։ Կարող եք ասել՝ բա զանազան խմբե՞րը, որոնցում համախմբվում են հարյուրավոր օգտատերեր։ Բանն էլ հենց այն է, որ այդ խմբերը բազմազան են, հաճախ՝ միմյանց հակասող, հաճախ՝ չգիտակցված-նույնական, հաճախ՝ անձնական համակրանքներով առաջնորդվող եւ այլն։

Ինչպես եկեղեցին է անջատ պետությունից, այդպես էլ «Ֆեյսբուքը» պետք է տարանջատված լինի երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքն արտացոլող լրատվամիջոցներից։ Ի վերջո, հասարակությունը մի տեղից պետք է իմանա, չէ՞, ինչ է տեղի ունենում երկրում։ Հո չի՞ կարելի «Ֆեյսբուք» մտնել, որ տեսնես ընկերներդ ինչ են գրել կառավարության նիստում վարչապետի ելույթից, կամ ինչու է հետաձգվել նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը։ Դրա համար կան համապատասխան կայքեր ու թերթեր, բայց այսօր որ կայքը բացում ես, ամենաառաջին ու կարեւոր տեղում դրված է ֆլանի նկարը, ով իր «Ֆեյսբուքում» ասել է ֆըստ։

Չգիտեմ, գուցե շատ վիճելի բաներ հիմա ասացի, բայց իմ հաստատ համոզմամբ, մասնագետ մարդու մեկ վերլուծական հոդվածը հազար հատ ֆեյսբուքյան գրառում արժե։ Ի՞նչն է պատճառը, որ ճանաչված մարդու այդ կարգի հրապարակումը տեղադրվում է որեւէ կայքում՝ հետեւյալ պարտադիր հղումով. «Գրել է «Ֆեյսբուքի» իր էջում»։ Ո՞րն է քաղաքական-հասարակական կայքի գործառույթն այդ դեպքում՝ ֆեյսբուքյան ծաղկաքա՞ղը։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930