Հունիսի 17-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Իսպանիա:
Մադրիդում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոյի հետ էր:
Շնորհակալություն հայտնելով իր իսպանացի գործընկերոջը Մադրիդ այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իսպանական հարաբերությունները փոխադարձ բարեկամության դրսևորումներով դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար։
Կարդացեք նաև
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց իր պատրաստակամությունը գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը ամրապնդելու և խորացնելու նպատակով:
Նախարարներ Նալբանդյանն ու Գարսիա-Մարգալյոն բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առևտրատնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների խթանման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:
Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով։ Երկուստեք կարևորվեց Երևանում Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը։
Իսպանիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
Նախարար Գարիսա-Մարգալյոն տեղեկացրեց տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը։
Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների և այդ ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:
Նախարար Գարսիա-Մարգալյոն ընդունեց Հայաստանի արտգործնախարարի Երևան պատասխան այցելություն կատարելու հրավերը:
անՀանԷդվարդ Նալբանդյանն ու Գարսիա-Մարգալյոն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը»:
Համաձայնագրով նախատեսված են երկու պետությունների պատմության և մշակույթի վերաբերյալ գրքերի հրապարակումներ, մատենագիտական նյութերի փոխանակումներ, համագործակցության զարգացում երաժշտության, բեմական արվեստի, թատրոնի, օպերայի, բալետի և այլ բնագավառներում, ինչպես նաև դերասանական խմբերի և մենակատարների փոխանակումներ։
Փաստաթղթով կողմերը պարտավորվում են հնարավորություն ընձեռել միմյանց քաղաքացիներին մուտք ունենալ պետական գրադարաններ, արխիվներ և այլ մշակութային, կրթական և գիտական հաստատություններ։
Նախատեսվում է համագործակցություն հաստատել երկու պետությունների գիտնականների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մշակութային հաստատությունների և գիտահետազոտական կենտրոնների միջև, օժանդակել դասագրքերի և այլ ուսումնական նյութերի փոխանակմանը պատմության, աշխարհագրության, մշակույթի, սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Սենատի նախագահ Պիո Գարսիա Էսկուդերո-Մարկեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մունյոս Ալոնսոյի հետ:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-իսպանական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների միջև փոխգործակցությանը։
Մադրիդում նախարար Նալբանդյանը այցելեց Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության կենտրոնակայան և հանդիպեց կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Թալեբ Ռիֆային նշեց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի Հայաստան կատարած իր երկու այցելությունները և բովանդակային քննարկումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Հանդիպման ընթացքում ԶՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ ՀՀ կառավարության կողմից տուրիզմն առաջնահերթություններից մեկը հռչակելը ճիշտ որոշում է, և վերահաստատեց կազմակերպության օժանդակությունը Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ձեռնարկվող քայլերին:
Նախարար Նալբանդյանը իր հերթին գոհունակությամբ նշեց, որ ԶՀԿ և Հայատանի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն և հայկական կողմը շահագրգռված է դրա առավել ընդլայնման մեջ։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ հեղինակավոր քաղաքագիտական կենտրոն Մադրիդի ակումբում, որին ներկա էին իսպանական առաջատար քաղաքագետներ և փորձագետներ։
Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր խոսքում և հարցերին պատասխաններում հանգամանալից ներկայացրեց Իսպանիա իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։
Ավարտելով այցելությունը Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Երևան։
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություն