Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով ամբաստանյալ, ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի ցուցմունքը: Ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը ցանկություն հայտնեցին հաջորդ դատական նիստին ցուցմունք տալ:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիս 20-ին:
Վարդան Սեդրակյանը ցուցմունքն ավարտվելուն պես ասաց, թե լրացուցիչ ցուցմունք ունի տալու:
Սակայն դա ավելի շատ հարցադրում էր ուղղված մեղադրանքը պաշտպանող դատախազ Արամ Ամիրզադյանին. «Դրդապատճառը ո՞րն է: Ինչ դրդապատճառ պիտի լիներ, որ ես կատարեի դա: Ես գրքեր կարդացած մարդ եմ, Սիմենոն…առանց դրդապատճառի ինչպես է լինում:
Ես Պարույր Հայրիկյանին չեմ ճանաչել, տեսել եմ հեռուստատեսությամբ, իսկ ընտրարշավի ժամանակ էլ նա ինքն էր դիմել իր համակիրներին` ընտրական գրավի հետ կապված:
Պարույր Հայրիկյանի հետ ոչ անձնական, ոչ քաղաքական թշնամություն չունեմ: Ինչպես կարող եմ անծանոթ մարդու նկատմամբ նման բան անել: Կցանկանայի, նորից բանտ չվերադառնալ»,-ասաց նա:
Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա հայտարարեց, որ իր պաշտպանյալն ունի անչափահաս եւ դեռահաս երեխաներ, կայուն ընտանիք, գույքային վիճակն էլ. «Աստծուն փառք, լավ է»: Պաշտպանն ասաց, որ լյարդի հետ կապված իր պաշտպանյալը խնդիրներ ունի, նա դատարանին հղում արեց բժշկակական տեղեկանքներին, որոնք մասնավորապես տրվել էին ՔԿՀ բուժծառայությունից, եւ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից:
Առաջարկեց գրավ, անգամ անշարժ գույքի տեսքով, ցանկացած չափով:
Դատարանն ուզում էր քննել միջնորդությունը, սակայն պարզվեց, որ բժշկական տեղեկանքների հետ կապված տեխնիկական սխալներ կան: Հետեւաբար, Սեդրակյանը վերցրեց իր միջնորդությունը, ներկայացնելու նպատակով:
Դատարանում այսօր հետազոտվեցին վեց հատորանոց գործում տեղ գտած ապացույցները:
Մեղադրող Արամ Ամիրզադյանը ձեռնոցներ էր բերել իր հետ, ապացույցներին չկպնելու համար:
Դատարանում դիտվեց նաեւ լազերային սկավառակները, բացվեցին ծրարները, որոնք կնքվել էին նախաքննությունն իրականացնող մարմնի` ԱԱԾ քննչական վարչության կողմից, հետազոտվեցին խուզարկության արձանագրությունները, գործում առկա լուսանկարները, անգամ «Հայկական ժամանակ» օրաթերթի մի համարը, որտեղ սլաքներ կային Հայրիկյանի նկարի վրա:
Կարդացեք նաև
Հետազոտվեց «Գրիգոր Լուսավորիչ» բուժհաստատության «Կրիմինալ հետքերի գրանցման մատյանը», որտեղ առկա էր գրառում այն մասին, թե երբ է Հայրիկյանը բերվել բուժհաստատության վերակենդանացման բաժանմունք, եւ ինչ է հայտարարվել՝ անծանոթ մարդ է մոտեցել իրեն եւ կրակել:
Դատարանն հասցրել է լսել տասնմեկ վկայի, մեկ ամբաստանյալի եւ յոթ դատական նիստ է հրավիրել մինչ օրս:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ