Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են «փայ մտել» բյուջեին

Հունիս 17,2013 17:58

Հինգերորդ գումարման ԱԺ-ն Վերահսկիչ պալատի արդեն երկրորդ հաշվետվությունն է քննարկում։ Այսօր խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ իր ելույթում հիշեցրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` նախ հիշեցնելով ՎՊ-ի լիազորություններն ու գործառույթները: «Եթե քննարկվող հաշվետվության, առանձին ոլորտներում կատարված ուսումնասիրությունների ամփոփագրերում օգտագործված խախտում, չարաշահում, անարդյունավետ ծախս, գների արհեստական բարձրացում, իրականացրած աշխատանքների ուռճացում, անորակ աշխատանքների կատարում և այլ եզրերը փոխարինենք դրանց քրեա-իրավական հոմանիշներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիք, խարդախություն, յուրացում, վատնում, հավելագրում և այլն, ապա արձանագրված փաստերը ոչ միայն առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների մասին հաղորդումներ են, այլև մեղադրական ակտի ամբողջական հատվածներ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ըստ արձանագրվածի, յուրաքանչյուր տարի հարյուրավոր պետական պաշտոնյաներ ու չինովնիկներ, ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների տնօրեններ, ոլորտները «սեփականաշնորհած» ՍՊԸ-ներ ու կապալառուներ պետբյուջեում «փայ են մտնում, հաճախ էլ, ես կասեի, ձեռք են գցում ծախսերի հսկիչ փաթեթը»: Պատգամավորը կոնկրետ օրինակներ ներկայացնելը անիմաստ է համարում, քանի որ դրանք բազմաթիվ են, թե հաշվետվությունում, թե ոլորտային ամփոփագրերում:

Արձանագրելով, որ ամեն անգամ «ԱԺ-ին մնում է զարմանալ ու զայրանալ, թե բյուջեի այդ ինքնակոչ համասեփականատերերը ինչքան են խժռել կամ պետական միջոցների հափշտակության նորարարական ինչ ձևեր ու միջոցներ են հեղինակել», փաստելով որ դրանով էլ սովորաբար Վերահսկիչ պալատի հաշվետվությունների քննարկումները ավարտվում են, Ջհանգիրյանն ասաց.«Զարմանալի է, բայց փաստ, որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններում արձանագրված յուրացումների, վատնումների, հափշտակությունների հայտնաբերված ու արձանագրված ահռելի չափաբաժինները որևէ կերպ հաշվի չեն առնվում, ոչ նոր բյուջեի կազմման, ոչ էլ նախորդ բյուջեի կատարողականի հաստատման ժամանակ:Ահավասիկ՝ 2012թ բյուջեի կատարողականի հաստատումը»:

Նա փաստում է, որ վերահսկիչ պալատը բյուջեի ծախսային մասի տնօրինման այս խայտառակ վիճակը արձանագրում է պարբերաբար, արդեն 4-5 տարի` փոխվում են ստուգման ու ուսումնասիրման ոլորտները, գերատեսչությունները, դրանց ղեկավարները, բայց չի փոխվում արձանագրվող վիճակը: Ու այս ֆոնին իրավաբան-պատգամավորի համար անհասկանալի է «մեր իրավապահ մարմինների, նրանց տնտեսական հանցագործությունների դեմ օպերատիվ ու հետախուզական միջոցներով պայքարի կոչված մասնագիտացված կառույցների, ՀՔԾ-ի, ՀՀ գլխավոր դատախազության (նրա պետ շահերի պաշտպանության վարչության) ես կասեի՝ իներտ կամ անտարբեր վերաբերմունքը»: Նա հիշեց, որ Վերահսկիչ պալատի նախագահը ՀԱԿ խմբակցության հետ այս հաշվետվությունը քննարկելիս, խոստովանել է, որ վերջին երկու տարիներին պալատի ուսումնասիրությունների արդյունքները ՀՀ դատախազություն այլևս չի ուղարկում, որովհետև հիասթափված է այդ մարմնից:

Իրավապահների անտարբերության համար Ջհանգիրյանը նկատում է`կամ ՎՊ-ի արձանագրված փաստերը ինչ-ինչ պատճառներով միտումնավոր, կամ`իրավապահ մարմինները, կրկին ինչ-ինչ շարժառիթներից ելնելով անթաքույց հովանավորում են բյուջեից կատարվող այդ թալանը, կոծկում փաստերը, կամ, որ նույնն է՝ իրենք էլ են բյուջեում փայ մտնում ու երկու դեպքում էլ կատարվում է ծանրագույն հանցագործություն: «ՀՀ ԱԺ-ի Սահմանադրա-իրավական ստատուսը, նրա լիազորությունները, լիովին բավարար են լուծել այս թնջուկը:Որոշումը ԱԺ-ինն է, հակառակ պարագայում մենք էլ ենք դառնում այս թալանի մասնակիցն ու պարտակողը»,-եզրափակեց պատգամավորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930