Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության նախարարը ՎՊ-ի աշխատանքը մակերեսային է բնութագրում

Հունիս 17,2013 18:16

Խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկումների ժամանակ պատգամավորների հնչեցրած հարցերի գերակշիռ մասը վերաբերվում էր շինարարության ոլորտին: «Այո` շինարարության ոլորտին, և ոչ թե` քաղաքաշինության նախարարությանը, մինչդեռ նախորդ  նիստի  ելույթների տպավորությունն այնպիսին էր, թե արձանագրված խախտումներն ամբողջությամբ վերաբերվում են քաղաքաշինության նախարարությանը»,- իր ամփոփիչ ելույթում այսօր խորհրդարանում նկատեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:

Նախարարը հերթական անգամ հստակեցրեց, որ 2012 թվականին Վերահսկիչ պալատը քաղաքաշինության նախարարությունում ստուգումներ չի իրականացրել եւ, որ վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներն ու բացթողումները վերաբերվում են պետական միջոցներով նախարարությունների եւ գերատեսչությունների պատվիրատվությամբ իրականացրած շինարարական աշխատանքներին ընդհանրապես: «Սա իհարկե, մեզ չի ազատում պատասխանատվությունից»,- ասաց նախարարը հավելելով, որ, որպես կառավարության անդամ, որը պատասխանատու է քաղաքաշինության ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման համար,  շուրջ մեկ տարի նախարարության տեսադաշտում է պահում ոլորտի այս և ավելի հիմնախնդիրներ եւ որ դրական արդյունքներ արդեն իսկ կան: «Անվերջ խոսվում է  ատկատների մասին, որպես գոյություն ունեցող հիմախնդիրների հիմք, այնինչ սա ընդամենը   մակերեսն է: Թեպետ,  չեմ կասկածում Վերահսկիչ պալատի մասնագետների պրոֆեսիոնալ կարողություններին, սակայն պետք է փաստեմ, որ  հաշվետվությունում  խորքային  վերլուծություններ և եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումները ծնող հանգամանքների մասին: Մեր ուսունասիրությունները պարզել են, որ նշված խախտումները որպես կանոն հետևանք են`լիցենզավորված նախագծային ընկերություններում նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման  աշխատանքները շատ դեպքերում իրականացնում են  համապատասխան որակավորում չունեցող աշխատակիցները, կամ տվյալ կազմակերպության հետ առնչություն չունեցող մասնագետները, պրոֆեսիոնալ նախագծողները պաշտոնապես աշխատում են միանգամից  5-10 կազմակերպություններում: Նույն մասնագետը միաժամանակ մի կազմակերպությունում կարող է հանդես գալ որպես նախագծող, մյուսում`  որպես տվյալ նախագծի փորձաքննություն իրականացնող մասնագետ և այսպես շարունակ: Այս իրավիճակը խոսում է պրոֆեսիոնալ մասնագետների պակասի մասին: Փորձաքննությունը և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը իրականացվում է  նաև լիցենզավորված մասնավոր կազմակերպությունների   միջոցով,  հաճախ տրամադրելով դրական եզրակացություն`  չբացահայտելով նախագծում տեղ գտած թերություններն ու խախտումները: Տեխնիկական և հեղինակային հսկողությունը իրականացվում է թերի, իսկ հաճախ ձևական բնույթ է կրում: Բազմաթիվ տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտներում ևս համապատասխան որակավորմամբ մասնագետների խնդիր կա: Ռիսկային այս ոլորտում մեկ, կամ երկու  տեխհսկիչով  շինարարության որակի տեխնիկական հսկողություն են իրականացնում միաժամանակ 70-150 շինարարական օբյեկտներում»,- ասաց նախարարը:

Նա նաեւ օրինակներ բերեց. «Վռամ Բեկզադյան» անհատ ձեռներեցը մեկ մասնագետով տեխնիկական հսկողություն է իրականացրել միաժամանակ 154 շինարարական օբյեկտում, կամ «Հադեք» ՍՊԸ-ն երկու մասնագետով միաժամանակ տեխհսկում է իրականացրել 131 շինօբյեկտում:

Մեկնաբանություններից զերծ մնալով նախարարը փաստեց, որ 2012 թ. Քաղաքաշինության նախարարության ուսումնասիրությունների արդյունքում  կասեցվել է մոտ 550 կազմակերպության լիցենզիա, որից շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող  199 կազմակերպությունների  հաշվետվությունների ուսումնասիրման  արդյունքում  թվով 90-ի լիցենզիա:
Սամվել Թադեւոսյանը նշեց, որ որոշակի մեխանիզմների կիրառման շնորհիվ, 2012 թվականին քաղաքաշիության նախարարությունը տնտեսել է մոտ 1 մլրդ. դրամ, տնտեսված գումարն ամբողջությամբ վերադարձվել է պետական բյուջե:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930