Հունիսի 14-ին ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքով Քսենյա Սոբչակի հեղինակային «Ժիվյոմ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայազգի ռուսաստանցի մեծահարուստ գործարար Ռուբեն Վարդանյանը պատասխանել է նաեւ Քսենյայի՝ Հայաստանին վերաբերվող հարցերին:
Քսենյա Սոբչակը, նկատելով, որ այն հսկայական գումարները, որ Ռուսաստանում նորարական ծրագրերի վրա ծախսում է Ռուբեն Վարդանյանը, նա կարող էր ներդնել Հայաստանում, իրականացնել բազմաթիվ ծրագրեր, եւ ապա, գնալ Իվանիշվիլու ճանապարհով՝ լայնածավալ կարիերա սկսել, զբաղվել քաղաքականությամբ, հարցնում է՝ «ի՞նչն է ձեզ խանգարում գնալ, սարքել ձեր երազանքների երկիրը եւ մի տասնհինգ տարուց դառնալ նախագահ»: Ռուբեն Վարդանյանը սկզբում պատասխանում է, որ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, ապա ավելացնում՝ «Ես շատ բան եմ անում Հայաստանի համար, որպես Ռուսաստանի քաղաքացի՝ օգնում եմ իմ փոքր հայրենիքին, բայց ես կարծում եմ, որ ես լավ եմ այնտեղ, որտեղ կամ, եւ լավ եմ անում այն, ինչ անում եմ»: «Բայց չէ որ ակնհայտ է, որ ձեզ այնտեղ քիչ կխանգարեն»՝ Սոբչակի այս նկատառմանը, որն ի դեպ, հետեւել էր հարցազրույցի ողջ ընթացքում կարմիր գծի նման անցած այն մտքին, թե Ռուբեն Վարդանյանը նորարար եւ մաքուր գործարար է, սակայն նրան պարբերաբար խանգարում են ռուսաստանյան չինովնիկները, Ռուբեն Վարդանյանը մի քանի անգամ կրկնում է՝ «ոչ մի նման բան, ոչ մի նման բան»:
Ապա բացատրում է, որ «Հայաստանն իր խնդիրներն ունի, իր «խավարասերները»: Որո՞նք են դրանք՝ հարցին էլ պատասխանում է «Հայաստանը ներկայումս միազգ պետություն է, կառավարման շատ խիստ կլանային համակարգով»: Երբ Սոբչակը պնդում է, թե՝ իսկ դուք այդ համակարգի մա՞ս չեք, Վարդանյանը ժխտում է՝ «ես էմիգրանտ եմ արդեն տասնյոթ տարի, եւ ոչ մի արմատներ, կապեր չունեմ, լծակներ չունեմ, եւ հետո ես լավ եմ կարողանում անել այն, ինչ անում եմ հիմա, օրինակ, լավ ծրագրեր կրթական համակարգում, բարեգործական ծրագրեր»:
Քսենյայի հաջորդ հարցը հետեւյալն է՝ գուցե հայաստանյան իշխանությունները լրիվ չե՞ն վստահում ձեզ, որովհետեւ ձեր ռեսուրսները գիտեն, ձեր ֆինանսական հնարավորություններից տեղյակ են: «Ոչ, ոչ, ես շատ լավ հարաբերություններ ունեմ իշխանությունների հետ, հրաշալի հարաբերություններ ունեմ ներկայիս վարչակարգի հետ, ուղղակի ես համարում եմ, որ չունեմ լավ քաղաքական գործչի տվյալներ՝ հատկապես մի երկրում գործելու համար, որի մշակույթը եւ վարքականոնը էականորեն տարբերվում է նրանից, ինչի մեջ որ ես եմ մեծացել»: Ապա Ռուբեն Վարդանյանը բացատրում է, որ ի սկզբանե իր մրցակցային առավելություններից է եղել իր ապագան տեսնելը. «Ես իններորդ դասարանից տեսնում էի իմ ապագան՝ քսան տարի հետո»: Եվ այժմ էլ նա իրեն չի տեսնում որպես Հայաստանի նախագահ ոչ տաս, ոչ տասնհինգ, ոչ քսան տարի հետո: «Ես չեմ ուզում դառնալ Հայաստանի նախագահ: Ես ուզում եմ ստեղծել բարեգործական հիմնադրամների համակարգ, բարեգործական ծրագրեր իրականացնել, կրթական լուրջ ծրագրեր կատարել…»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ