Բացվում է Ադրբեջանի եւ Հունգարիայի մայրաքաղաքները կապող ավիաչվերթ, ինչի առթիվ այսօր Բաքվում ասուլիս է կայացել:
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում Հունգարիայի դեսպան Ժոլտ Չուտորան ավիաչվերթի բացումը «պատմական իրադարձություն» է որակել` հայտարարելով. – «Այսօր իրականանում է իմ երազանքը` գիշերը կբացվի Բուդապեշտ – Բաքու ուղիղ չվերթը»:
Դեսպանը ասել է նաեւ, որ երկուեւկես տարի առաջ երկու երկրների միջեւ երկկողմ կապերը բարձրացել են նոր մակարդակի: «Երկու անգամ Հունգարիայի վարչապետը եւ նախագահը այցելել են Բաքու: Այս տարի սպասվում է Ադրբեջանի նախագահի այցը Հունգարիա: Մեր կապերը շատ բարձր մակարդակի վրա են», – հայտարարել է Չուտորան:
Ադրբեջանական գործակալությունը հայտնում է, որ օդանավի տոմսը մեկ ուղղությամբ կարժենա 39 եվրո:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, անցած տարվա օգոստոսի 31-ին Հունգարիան էքստրադիցիայի ենթարկեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար 2004 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը Բաքու ժամանելուն պես ներման արժանացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից եւ իր հայրենիքում փաստացի հերոսացվեց: Նույն օրը Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
«Ազատություն» ռադիոկայան