Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դրական փոփոխություն չի լինի, մինչև ԱԺ-ն օրենք չընդունի, և copy-paste անող կայքերը չտուգանվեն» . համախմբում՝ ընդդեմ գրագողության

Հունիս 17,2013 16:10

Թերթերի խմբագիրների՝ լրատվական դաշտի կարգավորմանն ուղղված մայիսի 23-ի հայտարարությունից հետո «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը որևէ դրական փոփոխություն չի նկատում:

«Դրական փոփոխություն չի լինի, մինչև Ազգային ժողովն օրենք չընդունի, և copy-paste անող կայքերը չտուգանվեն»,- «Մեդիալաբին» ասում է Արամ Աբրահամյանը:

Հատկապես վերջին շրջանում որոշ նորաստեղծ կայքերի կողմից հաճախակի դարձած գրագողությունները թերթերի խմբագիրներին ստիպեցին կտրուկ քայլերի դիմել:

Փորձելով դաշտում կարգուկանոն հաստատել՝ վերջերս խմբագիրները հանդես եկան հայտարարությամբ, որով մտահոգություն են հայտնում մամուլի հրապարակումներն առցանց լրատվամիջոցների կողմից առանց հղումների կամ ոչ պատշաճ հղումներով օգտագործելու կապակցությամբ:

Խմբագիրները նշում են, որ պատրաստ են պայմանագրեր կնքելու այն լրատվամիջոցների հետ, որոնք ցանկանում են օգտվել մամուլից՝ մամուլի տեսության կամ այլ եղանակով: Երկկողմանի պայմանագրերը կհիմնվեն հետևյալ երեք սկզբունքի վրա՝ ցանկացած մեջբերում անել հղումով՝ տեքստի մեջ հիշատակելով թերթի անունը, թերթից կատարել ընդամենը մեջբերում (ազատ ընտրությամբ)՝ վերջում հավելելով

«Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում», թերթի նյութերից այլ հոդվածների մեջ արված մեջբերումների ժամանակ մատնանշել ինֆորմացիայի սկզբնաղբյուրը:

Արամ Աբրահամյանն ասում է, որ գրագողությունը համարում է հարյուրավոր կայքերի կայանալու ձգտման արդյունք, և դաշտում հնարավոր կլինի կարգուկանոն հաստատել միայն օրենքով:

«Հայաստանում հիմա ով պարապ է, զբաղմունք չունի, կայք է բացում, և հենց այդ պատճառով էլ լրատվության որակը զրոյից ցածր մակարդակում է: Նման տեմպերով որ գնա, վիճակն իսկապես անհույս կլինի՝ ասուլիսային լրատվություն, ֆեյսբուքային ստատուսների լրատվություն և մրցակցություն՝ տեղեկատվությունն արագ տալու, ոչ թե որակյալ լրատվություն մատուցելու համար»,- «Մեդիալաբին» ասում է լրագրող Հասմիկ Համբարձումյանը:

Նա նշում է, որ «նորածին» կայքերը վարկանիշներ չափող տարբեր միջոցներով առաջատար դիրքերում են, այնինչ նրանց մատուցած նյութը հեռու է ժուռնալիստիկայից` այս կամ այն աստղի մերկ լուսանկարներ, տեղեկություն, թե ինչպես է տվյալ աստղն անցկացնում արձակուրդը կամ ինչպես է երևում առանց «մեյք ափ»-ի և այլն:

«Ես դրա դեմ ոչինչ չունեմ, բայց դա չպետք է խառնել լրատվության հետ: Եվ հետո՝ հիմա նոր երևույթ էլ կա՝ ֆեյսբուքային լրատվություն: Կան լրագրողներ կամ կայքեր, ովքեր սպասում են, որ այս կամ այն գործիչը ստատուս գրի, որ իրենք արտատպեն: Եվ հեչ պարտադիր չէ, թե գրառումը հայտնի մարդո՞ւնը կլինի, թե՞ ոչ»,- նշում է նա:

«Copy-paste-ով առաջնորդվող կայքերը դժվար թե երկար կյանք ունենան: Ընթերցողն ամեն դեպքում հասկանում է, թե որտեղի՛ց է իրականում այդ նյութը»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նշում է, որ խնդիրը հնարավոր է լուծել դատական ատյանների կամ էլ ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմնի միջոցով:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930