Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Գեւորգյանը հերքում է, որ ինքը «Տոյոտայի» սեփականատերերից է

Հունիս 17,2013 16:01

«Եթե դուք ընդունեիք Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված չարաշահումները, ուրեմն կառավարությունը պետք է հրաժարական տար, բայց եթե չեք ընդունում, ապա կառավարությունը նույն տեմպով շարունակելու է պետական միջոցների զանգվածային փոշիացումը»,- Վերահսկիչ պալատի 2012 թվականի խորհրդարանական քննարկումների ժամանակ այսօր նման դիտարկում արեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հարցեր ուղղելով փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: Նա շարունակեց. «Եթե հերքում եք ՎՊ-ին, ապա պետք է հերքեք նաեւ Սերժ Սարգսյանին, քանի որ վերջինս 2012 թվականի սեպտեմբերի 15-ին կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ կառավարության քառամյա գործունեությունը խիստ բացասական է գնահատել, բայց մի քանի ամիս հետո այդ կառավարությունը շարունակում է պաշտոնավարել։ Սերժ Սարգսյանն ասում էր նաեւ, որ գլխից պիտի բռնել, մեծերից, իսկ դուք հայտարարում եք, որ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետն է ձերբակալվել։ Այսինքն, այդ մեծին գտե՞լ եք։ Դուք «Տոյոտա» ընկերության սեփականատերերից եք եւ այսօր մեծամասնությունը գնումներ է կատարում այդ ընկերությունից, որի արդյունքում շահույթ եք ստանում նաեւ դուք, ինչն, ըստ էության, այն ատկատն է, որի մասին խոսվում է այստեղ»։

Արմեն Գևորգյանը նախ հայտարարեց, որ ինքը չի հանդիսանում «Տոյոտա» ընկերության սեփականատերերից՝ նշելով, որ պետական համակարգում մեքենաները ոչ միայն «Տոյոտայից» են գնվում: Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցերին՝ փոխվարչապետն ասաց, որ ինքն իր ելույթում որեւէ հերքում կամ ամփոփիչ գնահատական ՎՊ հաշվետվության վերաբերյալ չի ներկայացրել, ինքը կառավարության մեկնաբանություններն է ներկայացրել այն դրվագների վերաբերյալ, որոնք արտացոլված են ՎՊ զեկույցում։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ապա փոխվարչապետի խոսքով՝ ՀՀ նախագահի հանձնարարականների վերաբերյալ ՀՀ վարչապետը ժամանակին պատասխաններ տվել է։

Փաշինյանը հայտարարեց, թե այն, որ Արմեն Գեւորգյանը «Տոյոտայի» սեփականատերերից է, գրված է նույնիսկ վիքիլիքսյան փաստաթղթերում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930