Իջեւանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար պայմաններ չկան
Իջեւանի «ՆիկԱրմ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան 4 խմբերում մարզումներ են անցկացնում շուրջ 80 երեխաներ: Մարզումներն անց են կացվում Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի խաղադաշտում, որտեղ բացակայում են մարզման համար տարրական պայմանները` խոտածածկն անորակ է, չկան հանդերձարաններ, անձրևի ժամանակ երեխաները պատսպարվում են հարակից տարածքի ծառերի տակ: 2012-13 թթ. ակումբի թիմերը մասնակցել են ՀՀ մանկապատանեկան առաջնություններին, մինչե 16 տարեկանների առաջնության մասնակից թիմը գրավել է 4-րդ, մինչեւ 15 տարեկանների առաջնության մասնակից թիմը` 6-րդ տեղը: Մինչեւ 16 տարեկանների առաջնության մասնակից «Իջեւան -97» թիմի ֆուտբոլիստ Էդգար Խոջայանը ճանաչվել է առաջնության լավագույն կիսապաշտպան:
«ՆիկԱրմ» ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ իրենք ծրագրում են 2 թիմով մասնակցել ֆուտբոլի հանրապետության մանկապատանեկան 2013-14 թթ. առաջնությանը: Սակայն խաղադաշտի վատթար վիճակը անհնար է դարձնում Իջեւանում խաղերի կայացումը, և նորից անհրաժեշտ կլինի դիմել «Աչաջուր» ֆուտբոլային ակումբի օգնությանը՝ տնային հանդիպումները Իջեւան քաղաքից 15 կմ հեռավորությամբ գտնվող Աչաջուր գյուղի մարզադաշտում անցկացնելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ