Խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, թե պաշտոնական լիազորությունների չարաշահման, վարկային ռեսուրսների ոչ նպատակային օգտագործման համար ինչ պատժամիջոցներ է սահմանում ՀՀ Քրեական օրենսգիրքը, ապա փոխվարչապետ Արմեն Գեւորգյանից հետաքրքրվեց՝ կառավարությունը մտադի՞ր է ՎՊ բացահայտած չարաշահումների հարցով դիմել ոստիկանություն եւ գլխավոր դատախազություն:
Արմեն Գեւորգյանն ասաց, որ էկոնոմիկայի նախարարության իր գործընկերների հետ քննարկել են վարկային միջոցների անարդյունավետ ծախսի հարցը: ՎՊ արձանագրած այդ խնդիրները, նրա խոսքով, քրեաիրավական հետեւանքներ չեն առաջացնում:
Արծվիկ Մինասյանը կոնկրետ օրինակ բերեց՝ աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին ծրագիրը, ՎՊ ստուգումների արդյունքում, իրականացվել է խախտումներով, շատ դեպքերում վարկերը նպատակին չեն ծառայել. «Քրեական օրենսգրքի 191 հոդվածը խոսում է հենց դրա մասին: Եթե չեք դիմել, այդ դեպքում պետք է մեղադրանք ներկայացնեք Վերահսկիչ պալատին»: Արմեն Գեւորգյանը հակադարձեց. «Եթե այդ կոնտեքստում ենք հարցը քննարկում, ես նման քննարկումներին չեմ մասնակցել կառավարությունում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ