Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, օրենքները կարդալու վերաբերյալ Տարոն Մարգարյանի հորդորին ի պատասխան, նամակ է հղել պարոն Մարգարյանին, որում ասվում է.
«Հարգելի պարոն Մարգարյան,
Երևանի ավագանու կանոնակարգի 6-րդ կետի համաձայն՝ «Ավագանու գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, իրավահավասարության, օրինականության, հարցերի ազատ քննարկման ու կոլեկտիվ լուծման uկզբունքների վրա», ուստի ավագանու նիստերին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, համաձայն իրենց քաղաքական ուժի որդեգրած գաղափարախոսության, ազատ են արտահայտել իրենց տեսակետները: Հետևաբար խնդրում ենք պարտավորեցնել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ չմիջամտել որևէ մեկին ելույթի, հարցուպատասխանի կամ հայտարարության ժամանակ՝ որքան էլ հնչեցված տեսակետները հաճո չլինեն նրա ականջին: Սա՝ առաջին: Երկրորդ՝ կանոնակարգի 3-րդ կետի 21-րդ ենթակետի համաձայն՝ «Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը Իրավական ակտի նախագիծը և դրան կցված փաստաթղթերը մեկ օրվա ընթացքում տրամադրում է Ավագանու անդամներին, Քաղաքապետի նշանակած գլխադասային Հանձնաժողովին, որի նախագահը կամ ներկայացուցիչը Ավագանու նիստում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ: 116-րդ կետի համաձայն՝ «Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով: Արտահերթ նիստում հարցերի քննարկումը կատարվում է Կանոնակարգի 114-րդ կետում սահմանված կարգով», իսկ 114-րդ կետի 5-րդ ենթակետը սահմանում է՝ «Օրակարգի հաստատումից հետո հարցերը քննարկվում են ըստ օրակարգում դրանց ներկայացման հաջորդականության, նիստը վարողի կողմից հարցի ներկայացմամբ, ինչպես նաև դրա վերաբերյալ հիմնական և հարակից զեկուցողների անուն–ազգանունների հայտարարմամբ», 6-րդ ենթակետը սահմանում է՝ «որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցողներ՝ գլխադասային Հանձնաժողովի և Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները»՝ անկախ նրանից, նիստը հերթական է, թե արտահերթ:
Ինչպես նկատեցիք, հունիսի 15-ի արտահերթ նիստի ժամանակ կրկին չհաստատվեց օրակարգը, բաժանված օրակարգում նշված չէին գլխադասային հանձնաժողովներն ու հարակից զեկուցողների անուն- ազգանունները և չեղան հարակից զեկուցումներ: Այսքան մեջբերումներն իմ կողմից արվեցին՝ հնչեցնելու համար հետևյալ հարցը՝ ո՞վ չի կարդացել օրենքները:
Կարդացեք նաև
Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ Ձեզ ավագանու նիստերը վարել օրենքներին և կանոնակարգին համապատասխան:
Հարգանքներով՝
Անահիտ Բախշյան
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար»: