Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատախազությունը կաջակցի Մարո Գուլոյանի ինքնասպանության հանգամանքների բացահայտման գործում (Տեսանյութ)

Հունիս 17,2013 15:12

IMG_2787 IMG_2786 IMG_2785 IMG_2783 IMG_2782 IMG_2781 IMG_2780 IMG_2779 IMG_2778

 

Այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա անցկացրին՝ Կոտայքի մարզում Մարո Գուլոյանի ինքնասպանության հանգամանքները վերանայելու եւ դատաքննությունը վերսկսելու պահանջով:

Այսօր Աբովյանի դատարանում նախատեսված էր Մ. Գուլոյանի ինքնասպանության գործի կարճման որոշման բողոքի քննությունը, բայց դատական նիստից երկու ժամ առաջ Մ. Գուլոյանի իրավահաջորդի շահերը դատարանում պաշտպանող Լուսինե Մինասյանին դատարանից տեղեկացրել են, որ նիստը հետաձգվում է: «Զանգ ստացա, որ վարույթը իրականացնող մարմինը քրեական գործի նյութերը չի ներկայացրել եւ նիստը չի կայանալու: Սա կանխամտածված քայլ էր, նիստից երկու ժամ առաջ զգուշացնելը նորմալ չէ: Կարող էին քայլեր իրականացնել գործի նյութերը ժամանակին ստանալու համար: Վարույթ իրականացնող մարմինը ոչ պատշաճ քայլերի է դիմում: Դատաքննության ժամանակ վկաները ակնհայտ ստել են ու միմյանց հակասող ցուցմունքներ տվել, եւ վարույթ իրականացնող մարմինը աչք է փակել ու որոշել գործը կարճել»,- ասաց Լ. Մինասյանը:

Հակասական ցուցմունքներից էլ նա առանձնացրեց նախ Մարոյի դիակը հայտնաբերելու վերաբերյալ նրա ամուսնու ազգականների ցուցմունքները. «Հորեղբոր կինն ասում էր՝ ինքն է առաջինը հայտնաբերել, հետո ասացին հորեղբոր աղջիկը: Հակասություններ կային նաեւ դիակը հայտնաբերելու ժամի հետ կապված: Պահանջում ենք, որ գործի քննությունը Երեւանում իրականացվի, որովհետեւ վստահ չենք, որ Աբովյանում գործը օբյեկտիվ է անցկացվում՝ ելնելով այն հանգամանքից, որ տուժողի ամուսնու ընտանիքը ազգակցական կապերի մեջ է տեղի հեղինակությունների հետ»:

«Հասարակություն առանց բռնության» հ/կ ներկայացուցիչ Աննա Նիկողոսյանն էլ ասաց, որ իրենք ուսումնասիրել են Մարոյի ինքնասպանության հանգամանքները. «Նա երկար ժամանակ բռնությունների է ենթարկվել, ամուսինը խաղամոլ է եղել, անընդհատ գումար է իրենից ուզել, բռնություններով լի մթնոլորտում է Մարոն ապրել: Նրա հարազատներն էլ են ասում, որ հնարավոր չէ ինքնասպանություն գործած լինի: Կամ հիմք է եղել ինքնասպանության համար, կամ էլ սպանություն է եղել: Առայժմ չենք կարող երկու վարկածից մեկը պնդել, բայց այս պատմության մեջ մի մութ բան կա, որը պետք է բացահայտվի»:

Մ. Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լ. Մինասյանն այսօր իրենց պահանջը նաեւ գրավոր ներկայացրեց գլխավոր դատախազություն: Այնտեղ նրան ընդունել է դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Առաջարկել կարճման որոշման վերացումը փոխանցել դատախազությանը, որ դատախազությունը զբաղվի այդ հարցով, բայց իրավապաշտպանը նախընտրել է դատական ատյաններով բողոքարկելու տարբերակը: Դատախազի տեղակալն էլ ասել է՝ կաջակցեն, որ արխիվից գործի նյութերը ավելի շուտ տարվեն դատարան:


Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930