Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խմբագրի սպանության գործով դատախազ է փոխվում

Հունիս 17,2013 15:02

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց հայր եւ որդի՝ Վաղարշակ եւ Հակոբ Աբաջյանների դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:

Դատարան էր ներկայացել ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Արման Հակոբյանը:

Դատաքննության ավարտական փուլում , ուղիղ մեկ տարի հետո փոխվեցին նախորդ երկու դատախազները՝ Հովսեփ Հովսեփյանը թոշակի էր անցել, իսկ Վոլոդյա Հովհաննիսյանը նշանակվել էր Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ:

Ամբաստանյալ Վաղարշակ Աբաջյանի պաշտպանը նկատեց, որ երեք օր առաջ նշանակված դատախազը չէր կարող ծանոթ լինել ութ հատորանոց գործի նյութերին, այդ հիմքով բացարկ հայտնեց մեղադրանքը պաշտպանող դատախազին:

Դատախազը ասաց, որ ժամկետ պիտի խնդրեր:

Դատավոր Արշակ Վարդանյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով մերժեց պաշտպանի միջնորդությունը:

Այսօր լրացուցիչ անգամ դատարան էր հրավիրվել լրագրող Սուրեն Գեղամյանը, որն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում:

Հիշեցնենք, որ «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանին առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով, նրա միջոցով վերջինիս մտերիմներ Արմենուհի Ստեփանյանին, Վարդիշաղ Եղիազարյանին և Ազգանուշ Սրապյանին խաբելով հայտնել է, թե իբր նրանց համար կարող է շուկայական գներից ակնհայտ ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երևանում: Վաղարշակ Աբաջյանը ըստ գործի նյութերի, Ալվարդ Աբրահամյանի միջոցով 2011թ. ամռանը Կենտրոն վարչական շրջանի տարածքում ստացել և Ազգանուշ Սրապյանից խարդախությամբ հափշտակել է 5000 ԱՄՆ դոլար, Արմենուհի Ստեփանյանից` 12.000 ԱՄՆ դոլար, իսկ Վարդիշաղ Եղիազարյանից` 10000 ԱՄՆ դոլար գումար` ընդհանուր առմամբ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի` 9.936.000 ՀՀ դրամին համարժեք 27.000 ԱՄՆ դոլար գումար:
Իսկ Հակոբին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Ալվարդ Աբրահամյանին և նրա ամուսնուն` Յուրիկ Սրաբյանին առևանգելու, սպանության համար նպաստավոր վայր տեղափոխելու և նրանց սպանելու համար նախնական համաձայնության է եկել հոր հետ: Երկու տարի առաջ, օգոստոսի 31-ին ժամը 15-ի սահմաններում, Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները Յուրիկ Սրաբյանի վստահությունը չարաշահելու միջոցով, Սևանա լճից խեցգետնի որս և առևտուր կազմակերպելու պատրվակով, Յուրիկ Սրաբյանին առևանգել և տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք: Ըստ առաջադրված մեղադրանքի, Հակոբ և Վաղարշակ Աբաջյանները հարվածելու և ձեռքերով խեղդելու միջոցով, սպանել են Յուրիկ Սրաբյանին, ապա ստուգելով և համոզվելով, որ Յուրիկը սպանված է, դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ և քարերով ծածկել, իսկ հագուստները նետել են Գավառ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930