«Մեր ազգին այդպիսի մեծ դեմոգրաֆիկ խնդիր չի լինի, բավարար աղջիկներ կունենանք ծառայելու համար»:
«Կարծում եմ դա դժվար խնդիր է, ես կարծում եմ, ավելին պետք է արվի, քան նախատեսվում է, բայց ավելին անելու համար այլ հնարավորություններ են պետք»,-այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց ՀՀ բանակի պահեստի փոխգնդապետ, Դոնի կազակական զորքերի գեներալ-մայոր, ռազմական պատմաբան Տիգրան Պետրոսյանցը`պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչ կարծիք ունի օրենսդրական այն նախաձեռնության մասին, որն ուղղված է ազատամարտիկների սոցիալական կարգավիճակի խնդրի լուծմանը: Զինվորականի դիտարկմամբ` այն մարդիկ, ովքեր կյանք ու արյուն են տվել հայրենիքի համար, այսօր պետք է արժանապատիվ կյանք ունենային եւ ունենային արժանապատիվ թոշակ, մինչդեռ ազատամարտիկների կենսաթոշակն ու այլ կառույցներում աշխատողների թոշակի տարբերությունը, ինչպես պահեստի փոխգնդապետն ասաց` սարերի տարբերություն է. «Այսօր, չավարտված պատերազմի պարագայում, որպեսզի վաղն էլ գնան պատերազմ, ուրեմն այդ մարդկանց պետք է արժանապատվորեն պահել»:
Մանրամասն`տեսանյութում
Հարցին էլ՝ թե ինչպես է վերաբերվում բանակում նաեւ աղջիկների ծառայությանը, պարոն Պետրոսյանցն, ասաց, որ ողջունում է այդ գաղափարը: Մեր այն դիտարկմանն էլ, որ 20-30 տարի հետո, ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վերլուծության, աղջիկների դեֆիցիտ է լինելու` սեռով պայմանավորված աբորտների պատճառով, պարոն Պետրոսյանցն ասաց. « Մենք ունենում ենք տարեկան 36 հազար ծնունդ, որի կեսը աղջիկներ են, չեմ կարծում, թե այդ պրոբլեմը կունենանք: Մեր ժամանակներում էլ կար խնդիր, ձգտում էին տղա ունենալ, տղայի պարագան պահել, դա մեր ազգին այդպիսի մեծ դեմոգրաֆիկ խնդիր չի լինի, բավարար աղջիկներ կունենանք ծառայելու համար»:
Կարդացեք նաև
Պահեստի փոխգնդապետը անդրադառնալով «Զորավար» հիմնադրամի ստեղծման իրենց նախաձեռնությանը, նշեց, որ այս պահին մի փոքր գումար կա հավաքված, եւ հիմնադրամը գուցե չկարողանա ազատամարտիկների լայնամասշտաբ խնդիրները լուծել, սակայն ակնկալում են, որ կլինեն արտասահմանից հատուկ այդ նպատակին ուղղված ներդրումներ, որոնք կծառայեն սոցիալական խնդիրներին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ