Նախքան աշխատանքային հերթական խորհրդակցությունը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացնելով քաղաքապետի նորանշանակ տեղակալներին, մեկ անգամ ևս շնորհավորել է և ընդգծել, որ ակնկալում է ամենօրյա սրտացավ աշխատանք` բնակիչների վստահությունը արդարացնելու և ավելի լավ Երևան ունենալու համար:
Խորհրդակցության ընթացքում առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այդ մասով նախորդ շաբաթ կազմվել է 18 վարչական արձանագրություն: Մշտական աշխատանք է տարվում ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումները բացառելու նպատակով: Ուսումնասիրվել են նաև վարչական շրջաններում նոր փոքր շուկաների կազմակերպման վայրերի հետ կապված առաջարկությունները:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացիկ ասֆալտապատման աշխատանքներ իրականացված փողոցներում, ինչպես նաև երկրորդական, կրթական, մշակութային և առողջապահական հիմնարկներին հարակից փողոցներում, առաջնահերթորեն իրականացվում են գծանշման աշխատանքներ, փոխվել է նաև 49 ճանապարհային նշան:
Վարչական շրջաններում գտնվող անբարեկարգ փոքր ֆուտբոլի դաշտերի բարեկարգման հետ կապված` շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքների հիմնական մասն ավարտված է:
Կարդացեք նաև
Հանձնարարվել է ակտիվացնել փոսալցման և ճաքալցման աշխատանքները այն փողոցներում և բակային տարածքներում, որտեղ 2013 թվականի ծրագրով նախատեսված չեն հիմնանորոգման աշխատանքներ:
Անդրադառնալով անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և այլ աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է 107 վարչական արձանագրություն: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել մշտական հսկողությունը` պայմանագրային պարտավորությունների կատարման և մայրաքաղաքի արտաքին ընդհանուր տեսքի պատշաճ ապահովման ուղղությամբ:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջաններում մայիսի 29-ից մինչ օրս ապամոնտաժվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող 312 գովազդային վահանակ: Զեկուցվել է նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովը քննարկել և հաստատել է Երևան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների վերաբերյալ սխեմայի նախագիծ-առաջարկը:
Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ մայրաքաղաքի հրապարակների վերակառուցման համար հայտարարված բաց մրցույթի վերաբերյալ արդեն իսկ ստացվել են առաջարկություններ:
Կանաչապատման աշխատանքների հետ կապված` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման աշխատանքները: Հանգստյան օրերին Տարոն Մարգարյանը անձամբ է շրջել վարչական շրջաններով և հետևել կանաչապատման աշխատանքներին: Քաղաքապետն ընդգծել է, որ արվածը դեռ բավարար չէ և պետք է անել ավելին` ցանկալի արդյունքի հասնելու համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի հանգստի գոտիների և անտառպուրակային տարածքների մաքրման և պահպանման նպատակով կմեկնարկի «Ավելի մաքուր Երևան» կարգախոսով ծրագիրը: Ողջունելով այդ ուղղությամբ իրականացվող հասարակական նախաձեռնությունները` քաղաքապետն առաջարկել է աշխատանքներում ներգրավել հասարակական և երիտասարդական կազմակերպություններին, նաև՝ բոլոր ցանկացողներին:
«Մայրաքաղաքում կան մի շարք զբոսայգիներ ու վայրեր, որտեղ երևանցիները սիրում են իրենց հանգիստ անցկացնել հատկապես ամռանը, ինչն էլ, սակայն, պատճառ է դառնում աղբի կուտակման: Միայն Երևանի քաղաքապետարանի աշխատանքը բավարար չէ: Մենք պետք է ներգրավենք ու խրախուսենք նաև հասարակական կազմակերպություններին` կոչ անելով իրենց մասնակցությունը բերելու այդ նախաձեռնություններին, որպեսզի ունենանք ավելի մաքուր Երևան: Առաջարկում եմ սկսել հենց Հրազդանի կիրճից: Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ ամեն ինչ և համատեղ ուժերով կյանքի կոչել ծրագիրը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
«Ավելի մաքուր Երևան» ծրագրի կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանը կապահովի անհրաժեշտ բոլոր պարագաները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն