Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ից արտագաղթը, Գալուստ Սահակյանի «ցինիզմն» ու վիճակագրական տվյալները (Տեսանյութ)

Հունիս 17,2013 14:35

«Միգրացիան նորմալ երևույթ է, այն, ինչ կատարվում է Հայաստանում, դա միգրացիա չէ, այլ բնաթափման երևույթ, դեպոպուլյացիա է»,-ՄԱԱ-ում արտագաղթի թեմայով այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Հայկական սոցիոլոգիական  ասոցիացիայի» ղեկավար Գևորգ Պողոսյանը: Նա նշեց, որ իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2013-ին արտագաղթողների թիվը տասը հազարով ավելացել է: Հարցումները ցույց են տվել, որ արտագաղթի հիմնական պատճառները աշխատանքի, հեռանկարի, արդարության բացակայությունն է: Հարցման մասնակցածների 52 տոկոսն իրենց երեխաների ապագան տեսնում են արտասահմանում:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ նշեց. «Մարդիկ արդարության պակասից ավելի շատ են նեղվում, քան աշխատանքի: Ընդհակառակը, բարեկեցության մակարդակի հասած մարդիկ են մեկնողներից շատերը, որոնք հեռանկար չեն տեսնում ապրելու Հայաստանում: Մի կողմից թվում է, թե իշխանությունն էլ չի ժխտում, որ երկրում արագաղթ կա, բայց քայլեր չեն ձեռնարկվում»:

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի համար էլ զարմանալի չէ, որ քննարկմանը մասնակցել հրաժարվել էր ՀՀ կառավարության ներկայացուցիչը: Նա նկատեց. «ՀՀ իշխանությունները գտնվում են ամեն ինչի տոտալ ոչ ադեկվատ բնութագրման մեջ: Իշխանությունը կամ պիտի ընդուներ այն քաղաքական գիծը, որ ամեն ինչ ընդուներ , կամ մտներ ոչ ադեկվատ դաշտ: Այնքան ոչ ադեկվատ է, որ իշխող կուսակցությունը դառնում է ինքն իրեն ընդդիմադիր»: Արտագաղթի օբյեկտիվ բաղադրիչներից Ա. Կարապետյանը առանձնացրեց սոցիալական պայմանները, սուբյեկտիվ բաղադրիչներից՝ հոգեբանական խթանիչները. հույսի կորուստը, այն, որ մարդ հասկանում է, որ ոչինչ փոխել չի կարող:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանն էլ վստահեցրեց, որ կա հստակ ձևավորված քաղաքականություն ՀՀ-ում բնակչության կրճատման ուղղությամբ, ինչը սկսվել է 1990-ականներից: Նա մանրամասնեց. «Չնայած ՀՀ իշխանությունը դեռ վիճարկում է՝ արտագաղթ կա, թե՝ ոչ, ես պնդում եմ, որ արտագաղթը կա: 1990-ի դրությամբ ՀՀ-ում,  ներառյալ փախստականները, չորս միլիոն մարդ էր բնակվում, 2011-ին ՄԱԿ-ի տվյալներով ՀՀ-ում մշտական բնակություն է հաստատել 2.800.000 մարդ»:

«Ա1+»  հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանին ամենաշատը մտահոգում է այն, որ երիտասարդներն են լքում Հայաստանը: Ուստի խնդրի լուծման առաջին քայլը պարոն Մովսիսյանը համարում է արտահոսք եղած ուղեղների վերադարձը: Ու հավելում. «Եվ դրա համար պետք է ոչ Գալուստ Սահակյան, որն  իր ցինիզմով անհասանելի է: Նա ինձ հիշեցնում է մուլտհերոսին՝ Таити, Таити, нас и тут неплохо кормят: Նման ցինիզմը մեկ-մեկ ինձ էլ է հիասթափեցնում, մեկ-մեկ թևերս թուլանում են՝ այս կապիկության դեմ ո՞նց կարելի է պայքարել»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց. «Ոչ թալանել եմ, ոչ ընտրակեղծիքներ եմ արել, հետո էլ ասում են, թե մեղավորը ընդդիմությունն է: Սևը և սպիտակը խառնվել են: Արտագաղթի պատճառն էլ հենց սա է: Իշխանությանը մեղադրել պետք չէ. ՀՀ-ում երբևէ իշխանություններն իրենց գործունեությամբ չեն ասել, որ իրենք ձեր խնդիրները լուծող են: Իրականում նրանք մեկ խնդիր ունեն՝ սեփական հարստության մեծացում: Ինչպես իրենք են սիրում ասել կարող ենք իրենց ձեռքից իշխանություն վերցնել, կլուծենք խնդիրները: Մեզ մոտ բառիս բուն իմաստով գաղթ է: Ես շատ լավ գիտեմ՝ որն է գաղթողի, որն է խոպանչու դեմքը. իմ հայրը տասը տարի արտագնա աշխատել է: Համաձայն եմ այն կարծիքին, որ պատճառը սոցիալական չէ, քաղաքական է: Մարդիկ գնում են, քանի որ նույնիսկ գյուղապետի մակարդակով չեն կարողանում իշխանություն փոխել»: Դառնալով՝ Գ. Սահակյանին՝ Ա. Մարտիրոսյանն ասաց. «Հանգիստ թողեք Գալուստ Սահակյանին. ինչ ասում է, դեռ քիչ է ասում, քանի որ այսքան տարի ինչ արել է չի պատժվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930