Հունիսի 1-ից մեկնարկել են միասնական քննությունները` ՀՀ ողջ տարածքում եւ Արցախում: Հունիսի 1-ին կայացել է ռուսաց լեզու առարկայի քննությունը, հունիսի 4-ին՝ հայոց լեզու եւ գրականությունը, 7-ին ՝ կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների քննությունն էր: Հունիսի 11-ին դիմորդները միասնական քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից, հունիսի 14-ին՝ օտար լեզվից, վաղը՝ ֆիզիկա առարկայի քննությունն է, հունիսի 21-ին՝ Հայոց պատմություն եւ քիմիա առարկաներինը: Aravot.am-ը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանից հետաքրքրվեց՝ արդյոք շա՞տ են բողոքարկումները, եւ հատկապես ի՞նչ բնույթի են դրանք:
«Ընդհանրապես այս տարի չունենք բողոքարկումներ, չհաշված այն 15-20 դեպքերը, որոնք տեխնիկական բնույթի խնդիրների էին առնչվում, օրինակ՝ համակարգիչը չէր ճանաչել թիվը, խաչը եւ այլն: Նման բոլոր խնդիրների դեպքում ամեն ինչ դիմորդի օգտին է լուծվում»,-ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր դիմորդ իր արդյունքների մասին տեղեկատվություն է ստանում այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել է քննությունը: Եվ, ըստ կարգի, քննական արդյունքի հետ անհամաձայնության դեպքում նա բողոքարկում է դարձյալ այն նույն կենտրոնում, որտեղ հանձնել է քննությունը:
ԳԹԿ բաժնի պետից տեղեկացանք, որ ամենաղմկահարույց առարկայի՝ Հայոց լեզու եւ հայ գրականության քննությանը մասնակցել է ավելի քան 8600 դիմորդ, միջին միավորը 13-ն է, անբավարար է ստացել դիմորդների 9 %-ը, 7,5-13 միավոր՝ է 38 %-ը, 13-17 միավոր է ստացել 32 %-ը, իսկ 20 %-ը՝ 17-ից բարձր միավորներ է ստացել ստացել: 80 դիմորդ հայոց լեզու եւ գրականություն առարկայից ստացել է առավելագույն 20 միավոր:
Կարդացեք նաև
Արա Իսպիրյանի ասելով դժգոհություններ եղել են միայն երկրորդ տարբերակի 66-րդ առաջադրանքի շուրջ:
Արա Իսպիրյանի հետ զրույցի մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ