Երկուշաբթի օրը Հյուսիսային Իռլանդիայում մեկնարկում է Մեծ ութնյակի գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսված է ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Հարյուր տոկոս վստահությամբ կարող եմ ասել, որ Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսուա Օլանդը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություն են ընդունելու», – ասել է Ուշակովը:
Հիշեցնենք, Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում նախորդ տարիներին եւս Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարություններ ընդունվել են:
Այսօր մեկնարկող գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները կանցկացնեն մեկժամյա երկկողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկեն ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացումը, այլեւ Սիրիայի հարցը, մասնավորապես` սիրիական ընդդիմությանը օգնություն հատկացնելու Միացյալ Նահանգների որոշումը:
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան