Օրերս Գյումրի այցելած ու անգլերենով հաղորդակցվող Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե դիվանագետը պատրաստվո՞ւմ է սովորել հայերեն. Հայաստանում ուսանած գրեթե բոլոր հնդիկները բավականին լավ են խոսում մեր մայրենի լեզվով: «Այո, ես հաճախում են հայերեն լեզվի դասերի,սակայն պիտի ասեմ, որ առաջընթացը շատ քիչ է , աշխատանքից հետո, շաբաթը 3 օր գնում եմ դասերի, բայց, ճիշտն ասած, նույնիսկ իմ կոլեգաների մոտ ամաչում եմ խոսել հայերեն, իմ առաջընթացը գոհացուցիչ չէ», -պատասխանեց դեսպանը:
Իսկ հայկական խոհանոցից օգտվո՞ւմ է դեսպանը, թե՞ իր համար միայն հնդկական ազգային կերակուրներ են պատրաստում: «Մեր խոհանոցների մեջ բավականին նմանություններ կան, սակայն մի բան կա, որ պակասում է հայկական խոհանոցում, դա հնդկական համեմունքներն են, իսկ մեր ուտելիքը շատ-շատ համեմունքներ ունի և կարելի է ասել՝ կծու է»,- ասաց դեսպանը:
Իսկ թե Հնդկաստանից հատկապես ի՞նչ ապրանքներ են ներմուծվում Հայաստան, դեսպանը հպարտորեն թվարկեց. «Ամենաշատը Հնդկաստանից արտահանվում է միս`մոտ 23 միլիոնի, դեղագործական սարքավորումներ և դեղեր, և ավանդական հնդկական հագուստներ»:
Նշենք, որ մի քանի օր առաջ Aravot.am-ի հետ զրույցում Ամասիայի գյուղացիները ամոթանք տվեցին սեփական կառավարությանը` տնտեսական աննորմալ քաղաքականություն վարելու ու այլ երկրներից միս ներմուծելու համար, որը, ըստ գյուղացիների, երբեմն կասկածելի որակ ունի, սառած է, հիվանդ: Նույնիսկ նրանցից մեկը` Վրաստանին ու Թուրքիային սահմանամերձ Բերդաշեն գյուղի նախկին գյուղապետ Սլավիկ Չապանյանը, մեջբերելով Վրաստանի վարած քաղաքականությունը, ասաց. «Ի՞նչ է, մենք չենք կարող միսը տեղում արտադրել, բա Վրաստանում էդպե՞ս է, դե փորձի հետդ սննդային ինչ-որ բան տանել Վրաստան, թույլ կտա՞ն: Այդ երկիրը իր առողջացման համար խրախուսում է ներքին արտադրողին, իսկ մենք խլում ու խլում ենք արտադրողից, եւ ո՞ւմ համար` մի քանի հոգու ունեցվածքի, վերջը ուենցվածքն էլ պիտի չափ ունենա»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ