Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետերի «գոյաբանական ձեւերը»

Հունիս 17,2013 11:35

Հայաստանում եւ, ենթադրում եմ, բազմաթիվ այլ երկրներում, ինչ էլ գրես կամ ասես, որեւէ մեկի ջրաղացին ջուր ես լցնում: Վարչապետի մասին լավ բան գրես, կստացվի արդարացնում ես ապաշնորհ տնտեսական քաղաքականությունը: Վատը գրես՝ ուրեմն, սպասարկում ես նրա հետ մշտապես լարված հարաբերություններ ունեցող օլիգարխիայի շահերը:

Վարչապետի խնդիրն ընդհանրապես հետաքրքիր է: Ոչ միայն այս վարչապետի, այլեւ՝ սկզբունքորեն Հայաստանի բոլոր կառավարությունների: Մեր քաղաքական համակարգի, մեղմ ասած, թերությունների պատճառով, վարչապետը կարող է ունենալ երկու, այսպես ասած, «գոյաբանական ձեւ»: Կա՛մ նա հարմար թիրախ է, որին ամեն մի անցնող-դարձող կարող է հարվածել՝ ելնելով միջկլանային նկատառումներից եւ փորձելով ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր երեւալ: Կամ էլ նա՝ ունենալով ռեալ իշխանություն եւ ամբողջ վերնախավի աջակցությունը, դառնում է պալատական հեղաշրջման պոտենցիալ աղբյուր:

Առաջին դեպքը հիմա է, եւ դա (այս առումով համաձայն եմ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ) նախագահի համար չափազանց ձեռնտու վիճակ է: Սովորաբար այդպես էլ եղել է անկախ Հայաստանի պատմության մեջ: Օրինակ, Հրանտ Բագրատյանը ուներ, ընդհանուր առմամբ, ՀՀՇ-ի աջակցությունը, սակայն նրա դեմ ակտիվորեն պայքարում էին Վազգեն Սարգսյանը ու Վանո Սիրադեղյանը, ինչը մի քանի տարի ստեղծում էր մի կողմից որոշակի լարվածություն, մյուս կողմից՝ հավասարակշռություն եւ կայունություն: Հակառակ օրինակներն ընդամենը երկուսն են:

Առաջինը՝ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, որը կարողացավ շատ արագ իր շուրջը համախմբել քաղաքական-տնտեսական վերնախավին եւ մի քանի ամսում հեղաշրջում իրականացնել:

Երկրորդ օրինակը Արամ Զավենի Սարգսյանն է, որը նույնպես նման հնարավորություն ուներ (այն ժամանակվա նախագահ Քոչարյանը պնդում էր, որ ինքը միայն «դիտորդ է»), բայց չուներ պալատական խարդավանքների փորձ, գուցե նաեւ՝ հեղաշրջում իրականացնելու ցանկություն: Մի քանի ամիս անորոշությունից հետո 2000-ի մայիսին նախագահ Քոչարյանը կարողացավ «իր բուռը հավաքել» Հանրապետականին, գայթակղել Մանվել-Սեյրաններին պաշտոններով ու, հավանաբար, նաեւ բիզնեսներով, եւ վերականգնել ստատուս-քվոն՝ թույլ վարչապետով եւ անսահման նախագահական իշխանությամբ:

Ո՞ր մոդելն է ավելի արդյունավետ: Կայունության տեսակից, այսօրվանը, բայց մեծ հաշվով, ոչ մեկը: Կառավարությունը, այո, պիտի պատասխան տա իր «նյու-վասյուկի»-ական ձախողված ծրագրերի, տարբեր ոլորտներում միլիոնների հասնող չարաշահումների, «ատկատների» եւ մնացած այլանդակությունների համար: Բայց պատասխան պետք է տա ոչ թե այն ժամանակ, երբ օլիգարխիան է դա ուզում, այլ մշտապես, ամեն րոպե: Իսկ դրա համար պետք է, մասնավորապես, ունենալ ուժեղ խորհրդարան՝ ուժեղ, ոչ թե «ուժեղ տղերքից» բաղկացած: Դրանք տարբեր բաներ են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930